Քիչ առաջ դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, 24-ամյա ծննդկան է մահացել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

24-ամյա Լուիզա Ավետիսյանը 4 օր առաջ հետազոտման նպատակով եկել Մարգարյան ծննդատուն, այսօր առավոտյան առաջնեկին է ունեցել՝ տղա երեխա:

«Ցավոք, մեր ընտանիքի ուրախությունը երկար չտևեց: Կես ժամ առաջ տեղեկացանք, որ, չգիտենք ինչ պայմաններում, Լուիզան մահացել է: Խոսքեր չենք գտնում արտահայտվելու համար: Ուզում ենք Առողջապահության նախարարությունը՝ նախարար Արսեն Թորոսյանի հսկողության տակ, առանձին հետաքննություն կատարեն: Ճիշտ է, այս պահին արդեն ոստիկաններն ու քննիչները ժամանել են, բայց մենք ուզում ենք, որ Լուիզայի մահվան մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, որպեսզի հետագայում ոչ մի ընտանիքում ուրախությունը կարճ չտևի: Մինչ մենք ուրախանում էինք երեխայի լույս աշխարհ գալու առիթով, ստացանք մոր մահվան մասին լուրը»:

Լ. Ավետիսյանի մահվան մեջ հարազատները մեղադրում են բժիշկներին ՝ մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Հարազատները նաև նշում էին, որ Լուիզային վիրահատել են, նա կեսարյան հատման եղանակով է տղա ունեցել: Այնուհետև որոշ ժամանակ անց հայտնել են, որ մայրը նարկոզից դուրս չի եկել և մահացել է: Այս պահին հարազատները փորձում են պատասխան ստանալ բժիշկներից, սակայն բժիշկ չկա, ասես բոլորը «հօդս ցնդած լինեն»:

«Ճիշտ է, մենք Լուիզային էլ հետ չենք բերի, բայց պահանջում ենք, որպեսզի նրա մահվան մեջ մեղավորները պատժվեն, որպեսզի, նորից ենք կրկնում՝ հետագայում մեր նման ընտանիքներ այս վիշտը չապրեն»,-ասում էին հարազատները: