Հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանին պաշտոնապես մեղադրանք կառաջադրվի հուլիսի 24-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը: Մինչ այդ, պաշտպանությունն արդեն բողոքարկել է գործարարին կալանավորելու վերաբերյալ դատարանի որոշումը:
«Մենք խնդրում ենք Մոսկվայի քաղաքային դատարանին' չեղյալ համարել Բասմանի դատարանի՝ կալանավորման վերաբերյալ որոշումն՝ անօրինական եւ անհիմն ճանաչելով այն, ու խափանման այնպիսի միջոց սահմանել, որն ազատազրկման հետ առնչություն չունենա»,-ասել է փաստաբանը:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:
Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: