ԼՂՀ ոստիկանությունը Քարվաճառում տեղի ունեցած դիվերսիոն գործողությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել եւ մանրամասներ ներկայացրել կատարվածի վերաբերյալ:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հուլիսի 19-ին ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության Շահումյանի շրջբաժին ստացել են Ձեւ 1 վիճակագրական քարտեր այն մասին, որ հունիսի 29-ին Ադրբեջանի Հանրապետության հետախուզության առաջադրանքով նույն պետության քաղաքացիներ Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը (ծնված 1960թ.), Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը (ծնված 1968թ.) եւ ինքնությունը չպարզված անձը, կրելով ռազմամթերք ու հրազեն, ապօրինի հատելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը, մուտք են գործել Շահումյանի շրջանի վարչական տարածք, հատուկ առաջադրանքով հավաքագրել տեղեկություններ' դրանով իսկ կատարելով լրտեսություն:

 

Հուլիսի 4-ին Հավսաթաղ համայնքի վարչական տարածքում տեղակայված «Ճումեն» կոչվող տեղամասից զենքի գործադրմամբ առեւանգել են անչափահաս Սմբատ Մեխակի Ցականյանին (ծնված 28.04.1997թ., բն. էր Շահումյանի շրջանի Նոր Էրքեջ գյուղում), ում դիակը հուլիսի 15-ին հրազենային վնասվածքներով հայտնաբերվել է Շահումյանի շրջանի Քարվաճառ եւ Մանաշիդ համայնքների հարակից անտառահատվածում:

 

Կազմակերպված հանցավոր խմբի' ինքնությունը չպարզված անձը հուլիսի 11-ին, ժամը 18:00-ի սահմաններում, Վարդենիս-Քարվաճառ ճանապարհատվածի 32-րդ կիլոմետրին, ազգային ատելության շարժառիթներով, հրազենով դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել է ՀՀ Երեւան քաղաքի Ա. Սարգսյան փողոցի թիվ 6 շենքի 11 բնակարանի բնակիչ, 1971թ. ծնված Սարգիս Սամվելի Աբրահամյանին, իսկ ՀՀ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակչուհի, 1977թ. ծնված Կարինե Արշավիրի Դավթյանին պատճառել հրազենային վնասվածքներ եւ ձերբակալման ժամանակ զինված դիմադրություն ցուցաբերելու ընթացքում' վնասազերծվել:

 

Դիլհամ Գարդաշխան օղլի Ասկերովը եւ Շահբազ Ջալալ օղլի Գուլիեւը ձերբակալվել ու կալանավորվել են:

 

Քարվաճառում հուլիսի 14-ի ժամը 13:00-ի դրությամբ, ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:

 

Աարդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: ՀՀ ՊՆ-ն հայտարարել է, որ պատրաստ է միջազգային կառույցներին տրամադրել Քարվաճառում ադրբեջանական դիվերսիոն փորձի ապացույցները:

 

ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Խմբի չեզոքացման ժամանակ հայզինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա'1972թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված ԿարինեԴավթյանը:

 

Ավելի ուշ ԼՂՀ իրավապահ մարմինները հայտնաբերել են քարվաճառցի 17-ամյա հովիվ Սմբատ Ցականյանի դին: ԼՂՀ դատախազությունը գործ է հարուցել ադրբեջանցի դիվերսանտների նկատմամբ անչափահասին դաժանությամբ սպանելու համար: