Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանը հարցազրույց է տվել Diplomat Magazine the Netherlands and EU հանդեսին: Պատասխանելով «Ինչո՞վ է առանձնահատուկ Հայաստանը» հարցին՝ դեսպանը Հայաստանը ներկայացրել է որպես ծովին ելք չունեցող, ստեղծագործ , մտավոր ունակություն ու ջերմ ժպիտ ունեցող հյուրընկալ ժողովրդի գողտրիկ կղզի: Ինչպես տեղեկացրին հոլանդահայերի «Նիդերլանդական օրագիր» համացանցային թերթից, Տիգրան Բալայանը նշել է, որ 2018 թվականի թավշյա հեղափոխության փաստն ապացուցում է, որ Հայաստան երկրի շարժիչ ուժը դարձավ հենց ժողովուրդը, որը հավատարիմ գտնվեց համամարդկային ժողովրդավարական արժեքներին ու հիմնարար ազատություններին, վճռականորեն պաշտպանեց իր իրավունքներն ու ազատությունները, պատրաստ եղավ ոչ ասելու կոռուպցիային ու մերժելու անցյալի բացասական երևույթներիը, պատրաստ գտնվեց բարեփոխումներին:
Դեսպան Բալայանը պատմել է թավշյա, ոչ բռնի հեղափոխության բացարձակ խաղաղ ընթացքի մասին, որը քաղաքական հասունության և իրավական գրագիտության բացառիկ դրսևորում էր կանանց ու երիտասարդության առաջատար ուժի ազդեցությամբ: Այն ապահովվեց իշխանության խաղաղ, անարյուն փոխանցումը, որին էլ հետևել են դեկտեմբերյան արտահերթ խորհրդարանական ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունները:Սա բարեկեցիկ Հայաստան կերտելու ճանապարհի սկիզբն է:
Տիգրան Բալայանը Diplomat Magazine-ին պատմել է Հայաստանի տնտեսական ծրագրերի, մասնավորապես, Եվրամիության հետ համագործակցությունը սերտացնելու մասին:
Նա պատահական չի համարել, որ երկրում անցյալ տարի ընթացած քաղաքական զարգացումների արդյունքում Հայաստանին The Economist հանդեսը ճանաչել է Տարվա երկիր:
«Պայմաններ են ստեղծվում դեպի Հայաստան տնտեսական գրավչությունը մեծացնելու ուղղությամբ»,- նշել է դեսպանը՝ հավելելով, որ համահունչ ժողովրդավարության հասնելը դժվար գործընթաց է, որը պահանջում է էական ժամանակ, անվերապահ նվիրվածություն եւ նույնիսկ մտածողության փոփոխություն:
«Հայաստաննառաջին քայլերն է ձեռնարկել այս ուղին հարթելու համար: Հանրության վստահության եւ
օրինականության աննախադեպ մակարդակի շնորհիվ Հայաստանի կառավարությունը վճռական է
բարեփոխումների ընդունված բազմակողմ եւ հավակնոտ օրակարգի իրականացմանը»,- ասել Տիգրան Բալայանը:
Դեսպանը գտնում է, որ այս բարդ ճանապարհը Հայաստանը չպետք է միայնակ անցնի, նրան պետք է օգնեն ժողովրդավարական զարգացած երկրները' հատկապես տնտեսական ու քաղաքական հարցերում սպասելիքներ են ակնկալվում Նիդերլանդներից, որպես մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների առաջատար երկրի: