Դոնեցկի շրջանում մալայզիական ինքնաթիռի վթարի մանրամասների բացահայտումը գտնվում է Ուկրաինայի բարձրագույն իշխանությունների ուշադրության կենտրոնում և Ուկրաինան ունի բազմաթիվ անհերքելի ապացույցներ, որոնք փաստում են, որ ինքնաթիռը խփել են անջատողականները: Հրավիրված ասուլիսում նման հայտարարություն արեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան:

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կուխտան շեշտեց, որ Ուկրաինան հետաքրքրված է հնարավորության սահմաններում ինքնաթիռի վթարի արագ բացահայտման հարցում և այդ նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են բոլոր հետաքրքրված կողմերն ու միջազգային կառույցները: Կուխտան հավաստիացնում է, որ ընթանալու է օբյեկտիվ հետաքննություն և այդ նպատակով պաշտոնական Կիևը հրավիրել է նաև Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներին, որպեսզի մասնակցեն հետաքննությանը:

 

«Ուկրաինայի ներքին գործերի, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարություններն ունեն անհերքելի փաստեր, համաձայն որի ինքնաթիռը խփել են Դոնեցկում գտնվող անջատողականները: Մենք պատրաստ ենք այդ տեղեկատվությունը տրամադրել թե միջազգային հանրությանը, թե կազմակերպություններին, որպեսզի նրանք ուսումնասիրեն դրանք»,- ասաց Կուխտան' հավելելով, որ արդեն ստեղծվել է հատուկ շտաբ, որի միջոցով կապ են պահպանում ինքնաթիռի ուղևորների բարեկամների հետ, նրանց տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն:

 

Լրագրողների դիտարկմանը, որ Ռուսաստանն էլ ինքնաթիռի վթարի այլ վարկած է ներկայացնում, դեսպանն ասաց, որ յուրաքանչյուր երկիր ունի իր ապացույցները, ՌԴ-ն մի բան է ասում, Ուկրաինան, ԱՄՆ-ն մեկ այլ, միջազգային կազմակերպությունները բոլորովին այլ: Ըստ դեսպանի՝ հենց այդ նպատակով է ստեղծվել հանձնաժողովը, որպեսզի ներկայացվեն բոլոր ապացույցներն ու փաստերը և փորձագետները, ուսումնասիրելով դրանք, գան ընդհանուր եզրակացության:

 

Դեսպանի գնահատմամբ՝ փաստը, որ ինքնաթիռի վթարից հետո Դոնեցկում անջատողականները խոչընդոտում էին Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարության մուտքը վթարի գոտի, փաստում է այն մասին, որ նրանք փորձում էին ինչ-որ ապացույցներ թաքցնել, մաքրել: «Այլ նպատակ չեմ տեսնում, քան ապացույցների թաքցնելը»,- ասաց Կուխտան: