Daily Mail պարբերականը հրապարակել է ուշագրավ ֆոտոշարք և բացահայտել, թե ինչպիսին է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օդանավը ներսից:
Ինքնաթիռում կա ոսկեզօծ զուգարանակոնք, լոգասենյակ, ահռելի մահճակալ, խորհրդակցությունների սրահ, կաշվեպատ կահույք, աշխատասենյակ և նույնիսկ մարզասրահ:
Պուտինի «երկնային պալատն» արժե 500 մլն դոլար, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Air Force One օդանավն արժե 1 մլրդ դոլար:
Պուտինի օդանավն ունի 65 մ երկարություն, 65 մ լայնություն: Այն կարող է թռչել առավելագույնը 12.000 մ բարձրության վրա՝ զարգացնելով առավելագույնը 1665 կմ/ժ արագություն:
Օդանավը կառուցվել է Վորոնեժում գտնվող ավիաշինական գործարանում և ունի հատուկ ծածկույթ, որի շնորհիվ այն պակաս տեսանելի է ռադարների համար: Բացի այդ, դրանում ներկառուցված է գերառաջադեմ հեռահաղորդակցային համակարգ, որն արտակարգ իրավիճակներում հնարավորություն կտա կառավարել երկրի զինված ուժերը:
Պուտինն ունի այսպիսի 4 օդանավ, որոնք ՌԴ նախագահի մեկնումից առաջ նախապատրաստվում են ու մինչ վերջին պահը հայտնի չի եղել, թե նա որ ինքնաթիռով է մեկնելու: Ընտրելուց հետո մյուս երեք ինքնաթիռները հետևում են նրան: Հայտնի է, որ ՌԴ նախագահին կարող է ուղեկցել 68 կործանիչ՝ նրա անվտանգությունն ապահովելու համար: