Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ, որը վարել է հիշյալ հանձնաժողովի նախագահ, Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, զորակոչային հանձնաժողովի նիստի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սամվել Հակոբյանն ու մարզի տարածքային զինվորական կոմիսարները ներկայացրել են 2014 թվականի ամառային զորակոչի ընթացքն ու տեղակատվություն տրամադրել այդ ուղղությամբ ձեռնարկվող կազմակերպական աշխատանքների վերաբերյալ: Նիստի օրակարգի մաս է կազմել նաև զորակոչային տեղամասերում պատանիների կցագրման աշխատանքների իրականացմանը վերաբերող հարցը:
Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը մարզային զորակոչային հանձնաժողովի անդամներին հանձնարարել է ապահովել գործընթացի լիարժեք իրականացումը և հանձնաժողովի գործառույթներից բխող անհրաժեշտ աշխատանքների պատշաճ կազմակերպումը: Մարզային զորակոչային հանձնաժողովի նիստում քննարկվել են մարզում ամառային զորակոչի աշխատանքների իրականացմանը վերաբերող մի շարք այլ հարցեր ևս: