Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է կառուցվող շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ներկայացնելով գործընթացի մանրամասները՝ պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն:
Քաղաքապետը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո այս դպրոցը ևս կկահավորվի համա պատասխան գույքով: Պատասխանատուները վստահեցրել են, որ դպրոցի բացումով զգալիորեն կավելանա նաև շախմատասեր մանուկների և պատանիների թիվը: Հարկ է նշել, որ այս տարի մայրաքաղաքում ընդհանուր առմամբ շահագործման կհանձնվի 5 շախմատի դպրոց և որ կարևոր է՝ դրանք ևս գործելու են անվճար:
Այնուհետ վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև կառուցվող շախմատի դպրոցին հարակից թիվ 82 մանկապարտեզ, շրջել խմբասենյակներում, ծանոթացել փոքրիկների դաստիարակության ու խնամքի համար ստեղծված պայմաններին: Օգտվելով առիթից՝ մանկապարտեզի աշխատակիցները շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին ցուցաբերվող մշտական ուշադրության ու հոգածության համար՝ ընդգծելով, որ հատկապես նախակրթարանների անվճար գործելու որոշումն իսկապես սոցիալական կարևոր նշանակություն ուներ:
Քաղաքապետն էլ իր հերթին վստահեցրել է, որ մանկապարտեզներում իրականացվող ծրագրերը լինելու են շարունակական, և առաջիկա տարիներին փոքրիկ երևանցիների համար հարմարավետ պայմաններ կապահովվեն բոլոր մանկապարտեզներում:
Շրջայցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է նաև վարչական շրջանի Ալ. Աճեմյանի անվան երաժշտական դպրոցում իրականացվող հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները քաղաքապետին զեկուցել են, որ հիմնանորոգման ծրագրի արդյունքում կրթօջախի շուրջ 450 սաների համար կապահովվեն հարմարավետ պայմաններ:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի 2012 թվականի ծրագրերի շրջանակում ամբողջությամբ լուծվեց նաև այս երաժշտական դպրոցի ջեռուցման խնդիրը: Ծանոթանալով հիմնանորոգման աշխատանքների ընթացքին՝ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր երաժշտական դպրոցներում:
Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետին մայրաքաղաքի կրթօջախների պայմանների բարելավմանն ուղղված ծրագրային հստակ քաղաքականության համար՝ երաժշտական դպրոցի տնօրենն էլ իր հերթին ընդգծել է, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների կողմից: