«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, որը 2008 թվականից կառավարում է Հաաստանի երկաթուղային համակարգը, հիմնանորոգել է Գյումրիի լոկոմոտիվային դեպոն: Արդյունքում, դեկտեմբերի 25-ին շահագործման կհանձնվի վերջին 25 տարում Հայաստանում ընթացիկ վերանորոգում անցած առաջին էլեկտրաքարշը: Այս մասին 2014 թվականի ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտնեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը:

 

Նա տեղեկացրեց, որ Գյումրիի լոկոմոտիվային դեպոյի մոտ 20 մասնագետները մոտ երկու ամիս վերանորոգում և վերականգնում էին ՎԼ-10 էլեկտրաքարշի էլեկտրասարքավորումները, շարժիչները և այլ մասերը: «Նման մեծածավալ վերանորոգում Հայաստանում չէր անցկացվել վերջին 25 տարիների ընթացքում: 2015 թվականին կվերանորոգվի ևս 3 էլեկտրաքարշ, ինչը թույլ կտա էապես բարձրացնել գնացքների անվտանգ երթևեկության մակարդակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' նշեց Ռեբեցը:

 

ՀԿԵ-ի ղեկավարը հավելեց, որ այս տարի արդիականացվել է նաև Սանահինի ուղեմասը, որը թույլ է տվել պահպանել 180 աշխատատեղ: «Այդ ուղեմասի վերանորոգումն սկսվել էր 2011 թվականին: Նման լայնածավալ աշխատանքներ դեպոյում չէին տարվել 1960-ական թվականներից: Երկաթուղային հանգույցի վերակառուցմանն ուղղվել է 1.4 մլրդ դրամ»,- ընգծեց Ռեբեցը:

 

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն 2008 թվականից Հայաստանի երկաթուղային համակարգի հավատարմագրված կառավարիչն է: Ընկերությունը' որպես կառավարիչ, պարտավորություն ունի մինչև 2038 թվականը 174 մլրդ 559.9 մլն դրամ ներդրում կատարել: 2008-2014 թթ. ընկերության ներդրումները կազմել են 100 մլրդ 858.1 մլն դրամ, որից 6.5 մլրդ դրամը միայն 2014 թվկանին: