ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Սորին Վասիլեին:
Ողջունելով հյուրին և շնորհակալություն հայտնելով հանդիպման համար' Ասատրյանը ներկայացրեց սոցիալական պաշտպանության համակարգում, մասնավորապես երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումները:
«Հիմք ընդունելով երեխայի ընտանիքում ապրելու գաղափարը' իրագործվող միջոցառումներն ու աշխատանքները կապահովեն գործող հաստատություններում խնամվող երեխայի վերադարձը ընտանիք: Ուսումնասիրելով միջազգային փորձն ու կատարված հետազոտությունները' կստեղծվեն այլընտրանքային ծառայություններ, որոնք կկանխարգելեն երեխայի մուտքը հաստատություն»,- իր խոսքում ընդգծեց Ասատրյանը:
Դեսպանն էլ իր հերթին գոհունակություն հայտնեց ջերմ ընդունելության համար և շնորհավորեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ:
«Ուրախ եմ, որ երիտասարդ ու փորձառու մասնագետ է այս ոլորտի ղեկավարը: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում կարձանագրվեն լուրջ հաջողություններ: Պատրաստ ենք համագործակցել և տրամադրել երեխաների պաշտպանության ոլորտում իրականացված մեր երկրի փորձն ու ծրագրերը»,- վստահեցրեց պարոն Վասիլեին:
Քննարկվեցին նաև սոցիալական ոլորտին առնչվող այլ հարցեր, ձեռք բերվեցին պայմանավորվածություններ և որոշվեց հետագա աշխատանքների ընթացակարգը: