Թաիլանդի կրթության նախարարությունը, զինվորական իշխանությունների հանձնարարությամբ, երկրի միջնակարգ դպրոցներում մտցրել Է ավագ դասարանների աշակերտների համար պարտադիր «բարի գործերի անձնագրեր», յուրատեսակ օրագրեր, որոնք լրացնելը կօգնի բարի գործերում առավել ակտիվ սովորողներին արտոնություններ ստանալ բուհ ընդունվելիս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 23-ին հաղորդել Է Bangkok Post թերթի Էլեկտրոնային տարբերակը:
«Անձնագրերը» տպագրվում են միասնական ձեւով եւ նախատեսված են սովորողների կողմից իրենց բարի գործերի գրառման համար, որոնք նրանք կատարում են յուրաքանչյուր առանձին օր, եւ որոնց կատարումը հաստատվում Է դպրոցի ուսուցիչների եւ ծնողների կողմից, ասված Է հաղորդագրության մեջ:
Թաիլանդի կրթության նախարարությունը ներկայում երկրի խոշորագույն եւ առավել մեծ ժողովրդականություն վայելող բուհերի ղեկավարության հետ բանակցություններ Է վարում այն սովորողների համար ընդունելության արտոնությունների շուրջ, որոնց «անձնագրերը» դպրոցն ավարտելու պահին առավել մեծ թվով ստուգված գրառումներ կպարունակեն կատարված բարի գործերի մասին, նշում Է թերթը:
Թաիլանդում հանուն կրթության բարեփոխման շարժման ակտիվիստները սվիններով են դիմավորել զինվորականների ու նախարարության «նախաձեռնությունը»:
«Դա դպրոցական կյանքի հետագա բյուրոկրատացում Է, որն առանց այն Էլ մեզանում հանգեցրել Է այն բանին, որ երեխաները սովորում են միայն գլուխ տալ եւ ամեն ինչում հետեւել ավագներին՝ փոխանակ գիտելիքներ ձեռք բերեն»,-ակտիվիստներից մեկի խոսքը մեջբերել Է Bangkok Post-ի մեկնաբանը:
Հրատարակությունն իր հոդվածում ներկայացրել Է թվեր, որոնք ցույց են տալիս, որ Թաիլանդը կրթության բնագավառում հետ Է մնում ոչ միայն աշխարհի առաջատար երկրներից, այլեւ տարածաշրջանի հարեւան երկրներից, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: