Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Թուրքիային մեղավոր է ճանաչել Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրով սահմանված անձի կյանքի իրավունքը ոտնահարելու մեջ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, այս մասին ՄԻԵԴ-ը նշել է 2006 թվականին Դիարբեքիրում խաղաղ ցույցի ժամանակ թուրք իրավապահների կողմից օգտագործված արցունքաբեր գազի պարկուճի հարվածից մահացած քաղաքացի Թարըք Աթաքայայի դատական գործով հրապարակած վճռում: ՄԻԵԴ-ը թուրքական պետությունը մեղավոր է ճանաչել նաեւ սպանության համար պատասխանատու անձանց նկատմամբ պատշաճ քննություն չիրականացնելու համար:

 

Եվրոպական դատարանի որոշման համաձայն, դատական ծախսերի հետ Թուրքիան տուժող կողմին պետք է 70 հազար եվրո փոխհատուցում վճարի: ՄԻԵԴ-ը Թուրքիային նաեւ զգուշացրել է, որ դարձյալ կդատապարտի, եթե ցուցարարների դեմ շահագործման սխալ պայմաններով արցունքաբեր գազ կիրառվի: