Կառավարությունը 5 մլն դրամ տրամադրեց «ՀՀ վետերանների միավորում» ՀԿ աշխատանքի վետերանների կոմիտեին՝ վետերաններին հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու, ևս 6 մլն դրամ՝ նրանց արտոնյալ պայմաններով առողջարանային բուժման ուղեգրեր հատկացնելու նպատակով:

 

ՀՀ կառավարության նիստի ժամանակ ներկայացնելով որոշման նախագիծը' Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ գումարը տրամադրվում է ՀՀ 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: «Կարևորելով վետերանների ունեցած մեծ ավանդը Հայաստանի Հանրապետության կայացման գործում, նպատակահարմար ենք գտնում «Հայաստանի Հանրապետության վետերանների միավորում» հասարակական կազմակերպության աշխատանքի վետերանների կոմիտեին տրամադրել 5 մլն դրամ»,-ասաց նա:

 

Ֆինակսավորումն իրականացվում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանին ընդառաջ: Այն նպատակաուղղված է հասցեական սոցիալական աջակցություն ցուցաբերելու կազմակերպությունում հաշվառված վետերաններին: Գումարը կոմիտերին է տրամադրվելու 9 ամիսների ընթացքում: