Իրաքի հյուսիսային շրջաններում «Իսլամական պետություն» հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) կոչված սունի ահաբեկչական խմբավորումը Մոսուլում հայկական եկեղեցու վրայից իջեցրել է խաչը եւ այն վերածել կազմակերպության քարոզչական կենտրոնի: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Media365 լրատվական կայքը:

 

Նշվում է, որ ԻԼԻՊ-ի զինյալները հայկական եկեղեցու խաչի տեղում բարձրացրել են խմբավորման դրոշը:

 

Կայքը հայտնում է, որ ԻԼԻՊ-ի զինյալները ֆեթվա (կրոնական հրովարտակ) են հրապարակել, որի պահանջով իրենց վերահսկողության տակ գտնվող 11-46 տարեկան մոտ 4 մլն կանանց եւ աղջիկների պետք է բռնի թլփատման ենթարկել: «Իսլամական պետության» քաղաքներում արգելված է ծխախոտ եւ նարգիլե ծխելը, բոլոր սրճարանները փակվել են, կանայք պարտավոր են գլխաշոր կրել:

 

Թուրքական ԶԼՄ-ները հայտնել են, որ ԻԼԻՊ-ի զինյալները Մոսուլում պայթեցրել են Յունուս մարգարեի դամբարանը, որը շիաների սրբավայր է: Իսլամիստ սունի ահաբեկիչները շիաների բազմաթիվ սրբավայրեր են ավերել նաեւ իրենց զավթած Թելաֆեր եւ Քիրքուկ քաղաքներում: Յունուս մարգարեի դամբարանի ավերումը իրաքցիների հակազդեցության պատճառ է դարձել: Դամբարանը, որը ծառայում էր որպես մզկիթ, կառուցվել է հիջրայի 134 տարում եւ զբոսաշրջիկների այցելության վայր էր: Ահաբեկիչները պայթեցրել են նաեւ մզկիթում գտնվող Յունուս մարգարեի գերեզմանը: