Պատմաբան, փիլիսոփա, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի' Մատենադարանի նախկին տնօրեն Սեն Արևշատյանի հոգեհանգիստը տեղի կունենա երկուշաբթի օրը' հուլիսի 28-ին, ժամը 18:00-ից Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մատենադարանից, անվանի գիտնականին վերջին հրաժեշտը ու հարգանքի տուրքը կմատուցվի հուլիսի 29-ին' ժամը 12:00-ից մինչև 14:00-ը, Գիտությունների ազգային ակադեմիայում:

 

Սեն Արևշատյանը ծնվել է 1928թ. հունվարի 7-ին, Ջրառատում: Ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1951-54թթ. եղել է Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության և պատմության ֆակուլտետի ասպիրանտ: Աշխատել է ակադեմիայի ինստիտուտում որպես կրտսեր, ապա' ավագ գիտաշխատող: 1959-ից Երևանի Մատենադարանում աշխատել է որպես հին ձեռագրերի ուսումնասիրման և հրատարակման բաժնի վարիչ: 1982-2007թթ. եղել է Մատենադարանի տնօրենը: Նրա հիմնական աշխատություններն են «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում», Գրիգոր Տաթևացու «Փիլիսոփայական հայացքներ» աշխատությունները, Դավիթ Անհաղթի «Քննական բնագրերի» հրատարակությունը, որը նաև թարգմանել է աշխարհաբար և ռուսերեն: Ունի ավելի քան 150 գիտական աշխատություն, բնագրեր, մենագրություններ, թարգմանություններ: 1978թ. դարձել է ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր: 1993-ից Փարիզի «Արարատ» միջազգային ակադեմիայի, 1995-ից Մոսկվայի Բնական և հումանիտար գիտությունների, 1998-ից Ազգային անվտանգության խնդիրների ուսումնասիրության ակադեմիաների իսկական անդամ է: 1996թ. դարձել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 2001թ. Երևանի պատվավոր քաղաքացի: 2008թ. պարգևատրվել է Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանով, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2010թ. արժանացել է ՀՀ Պետական առաջին կարգի շքանշանի: