Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին արձագանքել է Գլխավոր դատախազության կողմից նախկին բարձրաստիճան մի քանի անձանց պատասխանատվության ենթարկելուն եւ հայտարարել Է, որ կառավարությունը ողջունում է օբյեկտիվ հետաքննությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:

 

Իր հայտարարության մեջ Իրակլի Ղարիբաշվիլին նշում է, որ գործընթացը միանգամայն բաց է, եւ վրաց ժողովուրդը ամբողջ աշխարհը, գործընկեր ու բարեկամ պետությունները, շահագրգիռ բոլոր անձինք հնարավորություն կունենան ամբողջությամբ եւ առանց սահմանափակումների վերլուծել գործում ներկայացված ապացույցները:

 

«2012 թվականի հոկտեմբերի 1-ին Վրաստանի կառավարությունը ժողովրդից ստացել Է հստակ առաջադրանք՝ ստեղծել այնպիսի իրավական համակարգ, որին ինքն արժանի Է, եւ դա, նախեւառաջ, նախատեսում Էր արդարացի համակարգի ստեղծում: Մենք մարդկանցից մանդատ ենք ստացել, որը մեզ պարտավորեցնում Է ճշգրիտ կատարել այդ հանձնարարությունը:

 

Վրաց ժողովուրդը ցանկանում Է, որ վերջ դրվի անպատժելիությանը, որը տարիներ շարունակ տիրում Էր մեր երկրում: Վրաց ժողովուրդն իր ընտրած իշխանությունից պահանջում Է այնպիսի համակարգ, որտեղ կատարված հանցագործության համար օրենքի առջեւ պատասխանատու Է Վրաստանի ամեն մի քաղաքացի, եւ որտեղ պաշտոնը ինդուլգենցիա չի լինի»,- հավելել Է Ղարիբաշվիլին:

 

Հուլիսի 28-ին Վրաստանի գլխավոր դատախազությունը հայտարարել Է, որ Միխեիլ Սահակաշվիլին քրեական պատասխանատվության Է ենթարկվել 2007 թվականի նոյեմբերին ընդդիմության ակցիան ցրելու, «Իմեդի» հեռուստաընկերությունն ավերելու եւ միլիարդատեր Բադրի Պատարկացիշվիլիի սեփականությունը բռնագրավելու գործով: Հետաքննությունն անցկացվում Է Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունների վերազանցում բռնության կամ զենքի կիրառմամբ եւ տուժածի անձնական արժանապատվության նսեմացում: