Երևանի քաղաքապետարանը կոչ է անում երևանաբնակներին առևտուր չանել հակահիգիենիկ վայրերից: Լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը, ներկայացնելով առևտրի և սպասարկման ոլորտում 2014թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների հաշվետվությունը, նշեց, որ հսկողություն է իրականացվում ամենուր, որպեսզի օրինազանցները չզբաղվեն ապօրինի առևտրով:

 

«Քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության աշխատակիցների կողմից մշտական հսկողություն է իրականացվել բացօթյա ապօրինի առևտրի, սգո ծառայություններին վերաբերող օբյեկտների, գետնանցումներում իրականացվող առևտրի, գյուղմթերքների երևանյան բոլոր 34 շուկաների, ինչպես նաև ապօրինի ավտոկայանատեղի նլատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Դավիթ Օհանյանը:

 

Երևանի քաղաքապետի տեղակալն ընդգծեց, որ գյուղատնտեսության նախարարության հետ մշտական հսկողություն է սահմանվել մսի վաճառքի կետերի նկատմամբ: «Վարչական իրավախախտումների կատարման արդյունքում' 2014 թվականի առաջին կիսամյակում կազմվել է 630 արձանագրություն, որը 336-ով ավելին է նախորդ տարվա համեմատ»,- նշեց նա:

 

Օհանյանը կարևորեց Երևանում գործող գյուղմթերքների շուկաները՝ հավելելով, որ դրանք շատ ձեռնտու են երևանցիների համար, քանի որ նրանք ավելի մատչելի գնով ապրանք են ձեռք բերում:

 

Քաղաքապետի տեղակալն ընդգծեց նաև, որ համայնքային բյուջե այս ոլորտի շնորհիվ 2014թ. առաջին կիսամյակում մուտք է գործել 49 միլիոն դրամ ավելի, քան նախորդ տարվա 590 միլիոն դրամ ցուցանիշն էր: