Բացօթյա ապօրինի առևտուր իրականացնելու համար այս տարի Երևանում կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ 339 արձանագրություն: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը՝ ներկայացնելով առևտրի և սպասարկման ոլորտում կատարած աշխատանքը: Քաղաքապետի տեղակալի խոսքով՝ բացօթյա առևտրի նկատմամբ հատուկ վերահսկողություն է իրականացվում: «Խիստ ուշադրություն է դարձվում:

 

Հանգստյան օրերին անգամ հսկողություն է իրականացվում ոչ թույլատրված վայերում առևտուր կատարելու ուղղությամբ: Սակայն մեր քաղաքացիներն օրինազանցություններ են թույլ տալիս»,- «Արմենպրես»- ի փոխանցմամբ՝ նշեց Դավիթ Օհանյանը:

 

Նրա հիշեցրեց, որ Կասյան փողոցում և «Մալիբու» սրճարանի հարևանությամբ գործում են գյուղմթերքի բացօթյա տոնավաճառեր, որտեղ առևտուր են իրանացնում գյուղմթերք արտադրողները' հավելելով. «Բացօթյա առևտուրն արգելելուց հետո մենք հնարավորություն տվեցինք մասնավոր հատվածին փոքրիկ գյուղմթերքների շուկաներում՝ օրինակ՝ Կայարանի շուկայում գործունեություն իրականացնել»,- հավելեց Օհանյանը: Նրա խոսքով՝ նման շուկաներում ապրանքն առավել մատչելի գնով է վաճառվում քաղաքացիներին:

 

Ըստ փոխքաղաքապետի' «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարման հսկողությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով անցկացվել են բազմաթիվ շրջայցեր, որոնց արդյունքում բացօթյա ապօրինի առևտրի արգելման ու կանխարգելման ծավալուն աշխատանքներ են իրականացվել Երևանի բոլոր փողոցներում ու պողոտաներում, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի բակերում։

 

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ փողոցներում և պողոտաներում հիմնականում իրականացվում է միայն «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքով բացօթյա առևտրի համար թույլատրվող ապրանքների վաճառք, սահմանվել է մշտական հսկողություն բացօթյա ապօրինի առևտրի վերսկսելը բացառելու նպատակով։