Շիրակի մարզում գյուղատնտեսությունն այս տարի լուրջ վնասներ է կրել կարկտահարությունից: Մարզի տարածքում այս տարի կարկտահարություն արձանագրվել է արդեն հինգերորդ անգամ: Վերջին՝ հուլիսի 26-ին տեղի ունեցած կարկտահարության հետևանքով տուժել է մարզի 8 համայնք:

 

Տվյալ համայնքների վնասի չափը պարզելու և գյուղացիների հետ զրուցելու նպատակով հուլիսի 29-ին կարկտահարությունից տուժած համայնքներ այցելեցին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ու ՀՀ  գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը: Նրանք շրջեցին վնասված ցանքատարածություններում:

 

Վերջին կարկտահարության հետևանքով լուրջ վնասներ էին կրել Շիրակի մարզի Ողջի, Բյուրակն և Մեղրաշատ համայքների ցանքատարածությունները:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետի օգնական Արաքսյա Կիրակոսյանը, այս տարի մարզում, ընդհանուր առմամբ, կարկտահարությունից վնաս է կրել 31 համայնք, ընդ որում, դրանց մեծ մասը տուժել է կրկնակի կարկտահարությունից:

 

«Ըստ նախնական տվյալների' վնասվել է 12 հազար 500 հա ցանքատարածություն, որից 10 հազար 250 հեկտարը հացահատիկային մշակաբույսերն են, հազար հեկտարից ավելին՝ կարտոֆիլի, իսկ մնացածը՝ բանջարաբոստանային մշակաբույսերը: Ի դեպ, ՀՀ կառավարությունը ձեռնարկում է համապատասխան քայլեր՝ գյուղացիների հոգսը թեթևացնելու ուղղությամբ»,- նշեց Արաքսյա Կիրակոսյանը:

 

ՀՀ կառավարության որոշմամբ' 2014 թվականին գյուղացիական տնտեսություններից չի պահանջվի տրամադրված սերմացուի գումարը: Քայլեր են ձեռնարկվում նաև վարկերի երկարաձգման հնարավոր տարբերակները մշակելու առումով: Բնական աղետից տուժած համայնքներում ծրագիր կիրականացվի նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Խոսքը «Վարձատրվող հասարակական աշխատանք» ծրագրի մասին է:

 

Արմենուհի Մխոյան