Եվրասիական տնտեսական միությունը, որը ձևավորել են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը, բաց է ԱՊՀ-ի մյուս երկրների համար, որոնք համամիտ են Եվրասիական ինտեգրացման նպատակներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հուլիսի 30-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Դուշանբեում ելույթ ունենալով երիտասարդ տաջիկ դիվանագետների հետ կայացած հանդիպմանը:
Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը հուլիսի 29-ին Աստանայում պայմանագիր են ստորագրել Եվրասիական տնտեսական միության մասին, որն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: ԵՏՄ-ի ստեղծումը Մաքսային միության մասնակից երկրներին հասցնում է ինտեգրացման ավելի բարձր մակարդակի: Այդպիսով, ավարտվում է խոշորագույն ընդհանուր շուկայի ձևավորումն ԱՊՀ-ի տարածքում (170 մլն մարդ), որը կդառնա տնտեսական զարգացման նոր հզոր կենտրոն:
«Մոտ ապագայում ԵՏՄ-ի լիիրավ անդամ կդառնա Հայաստանը, առաջացած փուլում են Ղրղզստանի հետ ընթացող բանակցությունները: Միությունը բաց է նաև ԱՊՀ-ի մյուս երկրների համար, որոնք ընդունում են եվրասիական ինտեգրացման նպատակներն ու սկզբունքները, նախևառաջ մեր մերձավոր հարևանների համար, ներառյալ Տաջիկստանը: Առկա փորձն արդեն հաստատում է, որ ինտեգրացիոն գործընթացներին միանալը թույլ է տալիս ամրապնդել դրանց մասնակցող պետությունների մրցակցային առավելությունները, ծանրակշիռ ազդակ է հաղորդում տնտեսությունների զարգացմանը, տանում է քաղաքացիների բարեկեցության բարձրացման»,- ասել է Լավրովը:
Նախարարի խոսքով՝ ԱՊՀ-ի գործընկերների հետ սերտ կապերի ամրապնդումը Ռուսաստանի արտաքին քաղաքականության հանգուցային ռազմավարական ուղղությունն է, որը նախատեսված է երկարաժամկետ հեռանկարի համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: