Թուրքիայի կառավարությունը չի պատրաստվում Պոլսի հայոց պատրիարքարանին վերադարձնել Ստամբուլի Սիրքեջի թաղամասում գտնվող «Սանասարյան» տունը, որտեղ նախկինում հայկական վարժարան է գործել, եւ որի իրական սեփականատերը Հայոց պատրիարքարանն է:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական gazeteport.com լրատվական կայքը, Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արինչն օրերս հայտարարել է, որ շենքի վերադարձման հարց օրակարգում չկա: Այս մասին Արինչն ասել է Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության գործիչ Սեզգին Թանրըքուլուի գրավոր հարցապնդմանը տված պատասխանում: «Հիմնադրամների գլխավոր վարչությունն այդ հարցով աշխատանքներ չի անցկացնում», -պատասխանում նշել էր Արինչը:

 

Սանասարյան վարժարանի շենքը Պոլսո հայոց պատրիարքարանին վերադարձնելու հարցը կրկին ուշադրության կենտրոնում էր հայտնվել այն բանից հետո, երբ պատրիարքական փոխանորդ Արամ Աթեշյանը դարձել էր մի թուրք տեսուչի խաբեության զոհ: Շենքի հետ կապված դիմումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղարկելուց որոշ ժամանակ անց Աթեշյանի մոտ էր եկել թուրքական կառավարության անշարժ գույքի հարցերով տեսուչ ներկայացած մի անձ, ստորագրել տվել նրան շենքի վերադարձման մասին կեղծ փաստաթղթեր, Աթեշյանից ստացել 6000 լիրա' իբրեւ թե փաստաթղթերի ձեւակերպման համար են ‚ անհետացել: Կասկածյալ «տեսուչը» հայտնաբերվել է, նրան 7 տարվա ազատազրկում է սպառնում:

 

«Սանասարյան» տունը 1895 թվականին Մկրտիչ Սանասարյանի պատվերով կառուցել է ճարտարապետ Հովսեփ Ազնավուրը: Շենքը Պոլսո հայոց պատրիարքարանից խլվել է 1935 թվականին եւ շահագործվել որպես Ստամբուլի անվտանգության վարչության շենք, հետո' այնտեղ տեղակայվել է տնտեսական դատարանը, իսկ այժմ այն դատարկ է: Թուրքական իշխանությունները շենքի պատկանելության հարցը վիճարկում են ելնելով այն բանից, որ Թուրքիայի հիմնադրամների գլխավոր վարչությունը անշարժ գույքը կադաստրում ապօրինաբար գրանցել է որպես պետական սեփականություն: Ներկայում շենքը գտնվում է Թուրքի այի Հիմնադրամների գլխավոր վարչության ենթակայության տակ, որը 2013 թվականի հուլիսի 18-ին վարձակալության նպատակով հանել է աճուրդի: