Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը չի կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության գոտում դրության ներկայիս սրացումը կվերաճի լայնածավալ ռազմական գործողությունների։ Օգոստոսի 2-ին լրագրողների հետ կարճատեւ զրույցի ժամանակ դեսպանը շեշտել է, որ հարցը պետք է լուծվի ոչ թե ռազմական միջամտությամբ, այլ բացառապես խաղաղ ճանապարհով:

 

«Չեմ կարծում, որ իրավիճակը կհանգեցնի ռազմական լայնածավալ գործողությունների։ Մենք մտահոգված ենք իրավիճակով, որովհետև չի կարելի հարցերը լուծել ռազմական միջոցներով։ Պետք է արագ հաստատվի զինադադար և հրադադարի ռեժիմ, իսկ կողմերը բանակցություններ վարեն»,-ասաց դեսպանը' հավելելով, որ պաշտոնական Մոսկվայի տեսակետն այն է, որ հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով:

 

Ադրբեջանական զինուժը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ:

 

Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ' հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

 

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն:

 

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:

 

Ադրբեջանական կողմը տվել է առնվազն վեց զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը: