Ադրբեջանի արկածախնդիր ու ռազմատենչ ղեկավարությունը փորձում է խուսափել սահմանային միջադեպերի ու դիվերսիոն անհաջող փորձերի  արդյունքում կրած կորուստների համար սեփական ժողովրդի ու միջազգային հանրության առջեւ պատասխանատվությունից' ստեր հորինելով:


Հուլիսի 31-ից մինչ օրս ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում հետախուզադիվերսիոն գործողությունների  դիմած եւ բոլորում ԼՂՀ պաշտպանական բանակի կողմից անհաջողության մատնված Ադրբեջանի ղեկավարությունը  սեփական ժողովրդի աչքի առաջ «արդարանալու» համար հանդես է եկել հերթական' միանգամայն սուտ բովանդակությամբ  հայտարարությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը ադրբեջանական ANS հեռուստաալիքին հայտարարել է, որ այդ գործողոթյունների ժամանակ ո’չ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ոչ էլ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «երկրում
չեն եղել»:

 

«Նախագահը գտնվել է կարճատեւ արձակուրդում: Միեւնույն ժամանակ երկրի սահմաններից դուրս է գտնվել նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Հայերն ասում են, որ Ադրբեջանն է դիվերսիաներ կատարել: Բայց չէ որ դրա համար  պետք է լինի երկրի ղեկավարության որոշումը եւ ՊՆ կողմից կազմակերպում: Դրանից օգտվելով, հայերն են կազմակերպել այդ գործողությունները», -ասել է Մամեդովը: Դրա հետ միասին, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի պաշտոնյան չի նշել, թե երբ եւ որտեղ է հաղորդվել Ալիեւի եւ Հասանովի «արձակուրդ մեկնելու» մասին:

 


Նշենք, որ ոչ հուլիսի 31-ից առաջ եւ ոչ էլ ադրբեջանական բանակի դիվերսիոն հարձակումների օրերին ադրբեջանական ոչ մի ԶԼՄ-ում որեւէ հաղորդագրություն չի տարածվել Իլհամ Ալիեւի եւ Զաքիր Հասանովի «կարճատեւ արձակուրդում» լինելու մասին:


Նովրուզ Մամեդովը հայտարարել է, իբր այդ գործողություններով հայկական կողմը ցանկանում է այնպես անել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների օգոստոսի 8-9-ին նախատեսված հանդիպումը տեղի չունենա: Նա նաեւ ընդգծել է, որ Բաքուն, իբր, «դեռեւս  պաշտոնապես համաձայնություն չի տվել այդ հանդիպմանը»: