Հայ և ադրբեջանցի լրագրողների իրականացրած «Խաղաղ գործընթացներում հանրային մասնակցության եւ բազմաշերտ դիվանագիտության մեխանիզմները. Հյուսիսային Իռլանդիայի դասերը» ուսումնասիրությունը ներկայացվեց նաև կապանցիներին:
Այդ նպատակով ուսումնասիրության համահեղինակներ «Արցախի մամուլի ակումբի» նախագահ Գեղամ Բաղդասարյանը եւ «Արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի» ոչ կառավարական գործընկերություն եւ վերլուծական կենտրոնի նախագահ Մասիս Մայիլյանը օգստոսի 5-ին հանդիպեցին կապանցի լրագրողների, ՀԿ ներկայացուցիչների հետ:
Ուսումնասիրությունը կատարվել է «International Alert» կազմակերպության եւ «Եվրոպական գործընկերություն' հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» (EPNK) համագործակցությամբ: Նախագիծը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից: Գեղամ Բաղդասարյանի խոսքով' իրենց կողմից ծրագրի շրջանակներում ստեղծվել է 5 հոգանոց փորձագիտական խումբ, որը լինում է տարբեր թեժ կետերում եւ կատարում ուսումնասիրություններ, որի բուն նպատակը ոչ թե հակամարտության լուսաբանումն է, այլ դրանում առկա հանրային ներգործության մեխանիզմների բացահայտումը:
«Երեք հակամարտություն պետք է ուսումնասիրվի այդ թեմայի շուրջ, առաջինը եղանք Հյուսիսային
Իռլանդիայում, երկրորդը' բասկերի երկիրն ու Կատալոնիան են, որտեղ պիտի գնանք սեպտեմբերին, երրորդը'
պաղեստինաիսրայելական հակամարտությունն է», - ասաց Բաղդասարյանը: Խոսելով իռլանդական հակամարտության մասին' Բաղդասարյանը նշեց, որ Իռլանդիայի Հանրապետությունն ընդգրկող կղզու հյուսիսային մասում կա մի փոքր մաս, որը գտնվում է Միացյալ թագավորության կազմում: Կաթոլիկները կողմ են կղզու վերամիավորմանը, որպեսզի լինի մեկ իռլանդական պետություն:
Իսկ բողոքականները կողմ են, որ այն մնա Միացյալ Թագավորության կազմում: Հիմնական հակամարտությունը լուծված չէ, սակայն կողմերը եկել են համաձայնության դադարեցնելու զինված պայքարը եւ խնդիրը լուծելու քաղաքակիրթ ճանապարհով:
«Հակամարտության առնչությունները Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ քիչ են, սակայն խնդրի կարգավորման որոշ տարրեր հնարավոր է օգտագործվեն հետագայում մեր հակամարտության կարգավորման համար», - ասաց Մայիլյանը: Պատասխանելով հարցերին' օրվա բանախոսները անդրադարձան Իռլանդիայի Հանրապետության ԶԼՄ-ների կողմից հակամարտության լուսաբանմանը, իռլանդական բնակչության իրազեկվածության մակարդակին Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, հակամարտության կարգավորման գործում կանանց դերի մասին եւ այլն: Հանդիպման մասնակիցներն անդրադարձան նաեւ հայ-ադրբեջանական շփման գծում վերջին լարվածությանն առնչվող հարցերի:
Գոհար Իսախանյան