Վերջին օրերին հայ- ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա- ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն
Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնում Հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների ընտանիքներին և մերձավորներին:

 

Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Խորապես սգում ենք հայրենյաց սահմանների պաշտպանության համար զոհված հայորդյաց մահը: Մեր սիրելի հերոս զավակները քաջարի ոգով դիմակայեցին հակառակորդին՝ ապահովելու մեր երկրի ու ժողովրդի անդորրը: Նրանց անունները միշտ աղոթքով պիտի հիշվեն հայորդյաց շուրթերին, և նրանց անմահ հիշատակի
առջև սերունդներ պիտի խոնարհվեն», - ասվում է Վեհափառ Հայրապետի ուղերձում:

 


Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր օրհնությունն է բերում հայոց աշխարհի սահմանները պաշտպանող զինվորներին' մաղթելով, որ Ամենախնամ Աստված պահապան լինի նրանց՝ ապահովության մեջ շարունակելու իրենց նվիրյալ ծառայությունը հայրենաբնակ մեր ժողովրդի խաղաղ և բարօր կյանքի համար:

 


Նորին Սրբության տնօրինությամբ առաջիկա կիրակի հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան պաշտոն զոհված հերոսների հոգիների խաղաղության և հանգստության համար, տեղի կունենան այցելություններ նրանց ընտանիքներին: