«Mediamall.am»-ը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.
«Ժամանակ». Հովիկ Աբրահամյանը «նախագահից 5 պակաս» վիճակում է իրեն զգում
«Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այս օրերին գնել ու Հայաստան է տեղափոխել թանկարժեք «Մերսեդես» մակնիշի զրահապատ ավտոմեքենա: Զրահապատ ավտոմեքենան հատուկ պատվեր է, Հայաստան է բերվել ինքնաթիռով և դեռ գաղտնի է պահվում, այսինքն՝ դեռ չի շահագործվում: Այս մեքենաների գինը հասնում է մինչև 600 հազար ԱՄՆ դոլարի», - գրում է «Ժամանակը»:
«Նշենք, որ նման ավտոմեքենաներից հիմնականում օգտվում են երկրի առաջին դեմքերը, ինչը պայմանավորված է ոչ միայն անվտանգության նկատառումներով, այլև խոսում է մեքենան շահագործողի դիրքի մասին: Այլ կերպ ասած՝ Հովիկ Աբրահամյանը «նախագահից 5 պակաս» վիճակում է իրեն զգում»:
Շարունակությունը՝ «Ժամանակ»-ի այսօրվա համարում:
***
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 6500 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և անհրաժեշտության դեպքում պատրաստ են կործանիչ հարված հասցնել հակառակորդի ցանկացած նահահարձակ գործողության:
***
Ադրբեջանն սկսեց իր կորուստները ներկայացնել որպես անզգուշությամբ մահեր. 2 զինվոր է մահացել
Ադրբեջանը մշտապես հերքում է առաջնագծում իրագործած դիվերսիոն գործողություններից հետո ունեցած իր իրական կորուստները: Որպես կանոն, այդ կորուստները ադրբեջանական կողմը միջադեպերին հաջորդող օրերին ներկայացնում է ինքնասպանության, անվտանգության կանոնների խախտման, անզգուշության, հիվանդության կամ ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունք:
Օգոստոսի 5-ին արդեն ադրբեջանական կողմը հայտարարեց, որ այդ երկրի զինված ուժերում հերթական զինված միջադեպն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի ՊՆ Բեյլագանի շրջանում տեղակայված զորամասերից մեկում:
Զորամասի զինվոր Ջավիդ Ջալիլ օղլու Մամեդովը (ծնվ. 1992 թ.) մահացել է «անզգուշությամբ իրեն ամրկացված զենքից արձակված գնդակից»: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է փաստը: Ջ.Մամեդովը զինծառայության էր կանչվել Աղստաֆայի շրջանի զինկոմիսարիատից:
APA-ն այսօր հայտնել է եւս մեկ զինծառայողի «անզգուշությունից» մահվան մասին: ՊՆ զորամասերից մեկի (չի նշվում զորամասի տեղակայման վայրը) 19-ամյա զինվոր Մուրադ Մահիր օղլու Սամեդովը մահացել է «իրեն ամրակցված զենքից անզգուշությամբ արձակված գնդակից»: Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հաստատել է նաեւ այս փաստը: Երկու միջադեպերի առնչությամբ Ադրբեջանի ռազմական դատախազությունը քրեական գործ է սկսել, կատարվում է հետաքննություն:
***
Ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը. ՀՀ ՊՆ
Անցած գիշեր և այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում' կիրառելով հրաձգային, այդ թվում' խոշոր տրամաչափի զինատեսակներ:
Ստացված օպերատիվ տվյալների համաձայն' օգոստոսի 4-5-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 45 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
Հայկական կողմից պատասխան կրակ է բացվել 11 անգամ: Հակառակորդի ուղղությամբ արձակվել է 211 կրակոց:
Հայկական կողմից տուժածներ չկան:
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով, խստորեն հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը և իրավիճակին համարժեք գործողությունների են դիմում միայն հակառակորդի կողմից արձանագրվող նպատակային խախտումների դեպքում:
***
Թմրամիջոցի ապօրինի շրջանառություն
2013 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի կողմից Լյովա Խ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ' իր տան տանիքում առանց իրացնելու նպատակի զգալի չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և վերամշակելու դեպքի առթիվ:
Նախաքննության ընթացքում, Լյովա Խ.-ի կինը' Թերեզա Ա.-ն և աղջիկը'Տաթևիկ Խ.-ն հայտնել են, որ իրենց տանից հայտնաբերված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է մեծ պոլիէթիլենային տոպրակով, որը հետագայում դարձել է չնչին նմուշ և կցվել գործին, իսկ Տաթևիկ Խ.-ն հավելել է, որ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերված թմրամիջոցն իրենց հետ տարել են առանց փաթեթավորման:
Հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման ված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
***
Իսպանիայում Հայաստանի դեսպան է նշանակվել
Նախագահը հրամանագիր է ստորագրել Ա. Ադոնցին Իսպանիայի թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով' ո ր ո շ ու մ եմ.
Ավետ ԱԴՈՆՑԻՆ նշանակել Իսպանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մադրիդ)»:
***
Երևանում երթ կանցկացվի՝ ի պատշապանություն Լևոն Հայրապետյանի
Օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին նախատեսվում է երթ՝ ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի, հայտարարությունում մասնավորապես ասվում է.
Ուշադրություն !!!
Հարգելի հայրենակիցներ տեղեկացնում ենք Ձեզ, որ օգոստոսի 7-ին ժամը 12:00-ին նախատեսվում է երթ' ի պաշտպանություն մեր հայրենակից, հայտնի բարերար, գործարար ԼԵՎՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ:
Կոչ ենք անում բոլորին միանալ երթին ու պայքարել միասին: Հատկապես այս պահին, երբ ամեն կողմից մեր թշնամիները փորձում են հարվածել մեզ, մենք պիտի ինչպես երբեք լինենք միասին: Միասնական ուժերով մենք կարող ենք հաղթահարել ամեն ինչ: Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ Լևոն Հայրապետյանն առողջական լուրջ խնդիրներ ունի և նման պայմաններում նրան պահելն մեկուսարանում, էլ ավելի է վատթարացնում նրա վիճակը:
Երթի մասնակիցներին խնդրում ենք միայն պահպանել համապատասխան կարգ ու կանոն, Լևոն Հայրապետյանին չվնասելու համար:
Երթը կմեկնարկի Ալ. Թամանյանի արձանի (Կասկադ) հարակից տարածքից, այնուհետև կշարունակվի դեպի ՀՀ նախագահի նստավայր, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, Հայաստանում ՌԴ դեսպանատուն և ՀՀ արտգործնախարարություն: Կհանձնվեն համապատասխան նամակ-դիմումներ Հանրապետության նախագահին, ՄԻ պաշտպանին, ՌԴ դեսպանին, ՀՀ ԱԳ նախարարին: Բոլորս դեպի երթ՝ աջակցելու մեր հայրենակցին:
Լեւոն Հայրապետյանի վստահված անձ և ընկեր
բժիշկ Մացակ Փոլադյան.
Իրավաբան Արթուր Սաֆարյան
***
Մահվան ելքով վրաերթ Եղվարդ-Զորավան ճանապարհին
Օգոստոսի 4-ին, ժամը 11.00-ի սահմաններում, «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Եղվարդ-Զորավան ճանապարհի 1-ին կմ-ին վրաերթի է ենթարկել 2007 թ. ծնված Ելենա Հարությունյանին, որը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է: Վարորդը երեխային հիվանդանոց տեղափոխելուց հետո ներկայացել է ոստիկանություն: Կատարվում է քննություն:
***
«Զվարթնոց» օդանավակայանում հայ իրավապահները հայտնաբերել են Մոլդովայում հետախուզվողին
Օգոստոսի 4-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ոստիկանության ՔՀԳՎ բերման են ենթարկել Մոլդովայի Հանրապետության քաղաքացի, 1962 թ. ծնված Տիգրան Ո.-ին, որը 2011 թ. մայիսի 10-ից գտնվում էր միջազգային հետախուզման մեջ Մոլդովայի քրեական օրենսգրքի 190 հոդվածի 2-րդ մասի /խարդախություն/ հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
***
Հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց
2013 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևանի քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնի կողմից Լյովա Խ.-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ' իր տան տանիքում առանց իրացնելու նպատակի զգալի չափերի «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ապօրինի պատրաստելու և վերամշակելու դեպքի առթիվ:
Նախաքննության ընթացքում, Լյովա Խ.-ի կինը' Թերեզա Ա.-ն և աղջիկը'Տաթևիկ Խ.-ն հայտնել են, որ իրենց տանից հայտնաբերված «մարիխուանա» տեսակի թմրամիջոցը հայտնաբերվել է մեծ պոլիէթիլենային տոպրակով, որը հետագայում դարձել է չնչին նմուշ և կցվել գործին, իսկ Տաթևիկ Խ.-ն հավելել է, որ ոստիկանության աշխատակիցները հայտնաբերված թմրամիջոցն իրենց հետ տարել են առանց փաթեթավորման:
Հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Կատարվում է նախաքննություն:
***
Էներգետիկայի նախարարը նոր տեղակալ ունի
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Հայկ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ։
Հայկ Հարությունյան
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1986 թ. 9 օգոստոսի, ք. Երևան
Կրթություն
1998 -2002 թթ. – Անանիա Շիրակացու անվան ճեմարան
2002-2004 թթ. – Ռիջենթս Սքուլ (Թայլանդ), միջազգային բակալավրի դիպլոմ
2004-2007 թթ. – Լանկաստերի համալսարան (Միացյալ Թագավորություն), քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, բակալավրիատ
2007-2009 թթ. – Քեմբրիջի համալսարան (Միացյալ Թագավորություն), միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, մագիստրատուրա
2012-2014 թթ. – Սկոլկովո մենեջմենթի դպրոց (Ռուսաստան)
Աշխատանքային գործունեություն
2007-2010 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարության պաշտպանական քաղաքականության վարչություն, փոխգործակցության սպա
2010-2011 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի աշխատակազմ, շտաբային սպա
2011 թ.- «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ
2011-2014 թթ. - «Մեծամորէներգոատոմ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար
2012-2013 թթ. - «Արմաունթ Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
2014 թ. - «Բի-Բի Գրուպ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն
2014 թ. օգոստոսի 5-ից՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ
Այլ տվյալներ
Զինապարտ է, կապիտան: 2010 թվականին ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել է Վազգեն Սարգսյանի մեդալով: Տիրապետում է անգլերենի, ռուսերենի, գերմաներենի:
Կուսակցական պատկանելություն
Անկուսակցական
Անձնական տվյալներ
Ամուսնացած է:
***
Ադրբեջանական բանակը եւս մեկ սպա է կորցրել
Ադրբեջանական բանակը մարտական կորուստների հետ ոչ մարտական կորուստներ էլ է կրում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`վկայակոչելով modern.az լրատվական կայքը, մահացել է երեկ ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով հիվանդությունը բուժելու համար օգնություն խնդրած ադրբեջանական բանակի մայոր Ռաշիդ Մամեդովը:
2013 թվականի սեպտեմբերից հայտնի դարձած առողջական խնդրի հետ կապված բուժում է անցել Բաքվի զինվորական հոսպիտալում: Նրան այնտեղ ախտորոշել են քաղցկեղ եւ ուղարկել բուժման Թուրքիայի Գյուլհանե զինվորական հոսպիտալ: Բուժման կուրսը չավարտված` հատկացված ֆինանսական միջոցները սպառվելուց հետո նա հետ է կանչվել: Հանգուցյալի մայրը ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ չնայած բուժման կուրսը պետք է ավարտին հասցվեր եւ մեկ ամիս ընդմիջումից հետո նա ճառագայթահարման փուլ անցներ, ադրբեջանական կողմը չփոխանցեց ֆինանսավորումը:
Կայքը հայտնում է, որ Մամեդովների ընտանիքը վարձով բնակարանում է բնակվում Գյոգյոլում, ինչի պատճառով նրան որոշել է հուղարկավորել Աբլահ գյուղում:
Ռաշիդ Մամեդովը 7 տարեկան անչափահաս որդի ունի: Նա կյանքի 20 տարին ծառայել է Ադրբեջանի զինված ուժերում եւ ծառայության 80 տոկոս ժամանակն անցկացրել է առաջին գծում: Ադրբեջանի բանակի միլիարդավոր դոլարների հասնող բյուջեի մասին խոսող այդ երկրի
ղեկավարությունը ֆինանսական միջոց չունի ամբողջ կյանքը երկրի պաշտպանությանն ու բանակում ծառայությանը նվիրած երիտասարդ սպայի բուժման համար:
***
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնում սահմանապահ զինվորներին և զոհված մարտիկների ընտանիքներին
Վերջին օրերին հայ- ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա- ադրբեջանական ուժերի շփման գծում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն
Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը իր զորակցությունն է հայտնում Հայրենիքի պաշտպանության համար մարտական գործողությունների ընթացքում իրենց կյանքը նվիրաբերած հայորդիների ընտանիքներին և մերձավորներին:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
«Խորապես սգում ենք հայրենյաց սահմանների պաշտպանության համար զոհված հայորդյաց մահը: Մեր սիրելի հերոս զավակները քաջարի ոգով դիմակայեցին հակառակորդին՝ ապահովելու մեր երկրի ու ժողովրդի անդորրը: Նրանց անունները միշտ աղոթքով պիտի հիշվեն հայորդյաց շուրթերին, և նրանց անմահ հիշատակի
առջև սերունդներ պիտի խոնարհվեն», - ասվում է Վեհափառ Հայրապետի ուղերձում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր օրհնությունն է բերում հայոց աշխարհի սահմանները պաշտպանող զինվորներին' մաղթելով, որ Ամենախնամ Աստված պահապան լինի նրանց՝ ապահովության մեջ շարունակելու իրենց նվիրյալ ծառայությունը հայրենաբնակ մեր ժողովրդի խաղաղ և բարօր կյանքի համար:
Նորին Սրբության տնօրինությամբ առաջիկա կիրակի հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգստյան պաշտոն զոհված հերոսների հոգիների խաղաղության և հանգստության համար, տեղի կունենան այցելություններ նրանց ընտանիքներին: