Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնածավալ ռազմական գործողությունների նախադրյալներ չի տեսնում: Օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանը Սարգիս Ասատրյանը նշեց, որ Ադրբեջանն այս պահին պատրաստ չէ պատերազմի, և ռազմատենչ հայտարարությունները, որ պարբերաբար անում է Ալիևը, չեն նշանակում, թե Ադրբեջանը պատերազմ է ուզում: «Պատերազմ սկսելու համար մեծ ֆինանսական ռեսուրսներ են պետք, պատերազմը ենթադրում է մարդկային ահռելի կորուստներ, տնտեսական լուրջ խնդիրներ, ինչին այս պահին Ադրբեջանը պատրաստ չէ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց ադրբեջանագետը՝ հավելելով, թե այն, որ Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ, ցույց են տալիս վերջին իրադարձությունները, երբ հակառակորդի դիվերսիոն գործողությունները կասեցվել են հայկական զինված ուժերի կողմից՝ նրանց
պատճառելով զգալի կորուստներ:
Նա նաև ընդգծեց, որ պատերազմը ձեռնտու չէ նաև շատ երկրների, քանի որ Ադրբեջանը նավթային ռեսուրսների խոշոր մատակարար է: «Նաև հաշվի առնելով այս հանգամանքը' ես առաջիկայում պատերազմի սկսման նախադրյալներ չեմ տեսնում»,- նշեց քաղաքագետը: Անդրադառնալով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածությանը միջազգային հանրության արձագանքին՝ ադրբեջանագետը նշեց, որ բոլոր արձագանքները որոշակի շրջանակի մեջ էին, և դրանից դուրս ոչինչ չի ասվել. հիմնականում կողմերին կոչ էին անում պահպանել հրադադարի ռեժիմը և դադարեցնել առճակատումները շփման գծում:
Վերջին օրերին ադրբեջանցիները ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ գոտու ուղղությամբ մի քանի դիվերսիոն գործողություններ են իրականացրել, որոնց հետևանքով կրելով մարդկային զգալի կորուստներ' հետ են շպրտվել: ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացրել է ղարաբաղա-ադրբեջանական համակարտ զորքերի շփման գծում վերջին 5 օրերին տեղի ունեցած լոկալ առճակատումների մասին ամփոփ տեղեկատվություն: