Վերջին օրերին իրավիճակը խիստ լարված է եղել հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատվածում: Դա չի ժխտվում ոչ ՊՆ կողմից՝ երեկ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ ադրբեջանական ԶՈւ-ը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան՝ հայկական զինված ուժերը պատասխան կրակ են բացել և այրել հակառակորդի դիրքերից մեկը: Երեկ այս հարցի շուրջ խոսել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, հայտարարելով, թե մեր Զինված ուժերը պետք է պատրաստ լինեն իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի: Հարց է առաջանում՝ սա պատերազմին նախապատրաստվելու ակնա՞րկ է, թե՞ պարզապես զգոնության պահպանմանը միտված քայլ: Նախկինում ևս Ադրբեջանը ձգտել է հակամարտության էսկալացիային, սակայն առավելապես Արցախի սահմաններին, իսկ այսօր մենք ականատես ենք լինում հարևան երկրի մարտավարության փոփոխման՝ թեժ է արդեն հայ-ադրբեջանական սահմանագիծը:
Ադրբեջանն իսկապես պատրաստվում է պատերազմի, և այժմ հակառակորդը զբաղված է պատերազմի սանձազերծման, այսպես կոչված, արտաքին աջակցությունն ապահովելու հարցերով: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից Ռուսաստանը վերջին շրջանում հաճախ է կողմերի միջև համաձայնության հասնելու մասին հույս հայտնում՝ չդատապարտելով Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականությունը Արցախա-ադրբեջանական սահմաններում ուժերի կուտակումը, ինչպես նաև Նախիջևանի կողմից լարվածությունը: Չմոռանանք, որ Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ, վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ կառույցից դուրս գալու խնդիր այս պահին դրված չէ: Մինչդեռ, չնայած սահմանային լարվածությանը՝ ՀԱՊԿ-ը դեռևս չի արձագանքել, փոխարենն ունենք ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի՝ Բաքվում արած հայտարարությունը, թե Ադրբեջանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում «միշտ եղել է կառուցողական և ճիշտ»: Նման իրավիճակում, ինչ խոսք, չափազանց խորհրդանշական է, որ ռուսաստանցի պետական ու հասարակական գործիչները խորհրդաժողովի են հավաքվում հակամարտ զորքերի շփման գծում, որտեղ Ադրբեջանը լայնածավալ զորավարժությունների նախապատրաստության ավարտական փուլն է իրականացնում: Կարելի՞ է դա համարել ռուսական կողմի՝ եթե ոչ պետական, ապա առնվազն հանրային որոշակի շրջանակների աջակցություն ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքին: Ի՞նչ է նշանակում խորհրդաժողովի գլխավոր ուղերձի՝ «Կովկասում Ադրբեջանը Ռուսաստանի միակ դաշնակիցն է» հրապարակայնացումը: Ինչպես երևում է՝ արտաքին աջակցության ապահովման հարցում Ադրբեջանը հաջողություններ է գրանցում: Գուցե Փաշինյանի երեկվա հայտարարությունն ազդակ էր նաև արտաքին ուժերի՞ն, որոնց համար ռազմական գործողությունների վերսկսումը կարող է լինել շահեկան՝ իհարկե իրենց աշխարհաքաղաքական խնդիրների լուծման համատեքստում: Հասկանալի է, որ ինքնուրույն՝ Բաքուն որևէ ռազմական ավանտյուրայի չի դիմի, և այստեղ հարց է առաջանում՝ իսկ ո՞վ կտա Ալիևին՝ նոր պատերազմ սանձազերծելու քարտ-բլանշը, և ո՞ր դեպքում դա կլինի: Իսկ գուցե այդ քարտ-բլանշն արդեն իսկ տրված է, և Փաշինյանը նման հայտարարությունով նախապատրաստում է հանրությանը, որպեսզի չկրկնվի 2016-ի ապրիլյան իրավիճակը, երբ թե՛ ԶՈւ-ն, թե հանրությունը թշնամու հարձակումից ցայտնոտի մեջ էին հայտնվել:
Իրավիճակի՝ այդ հուն տեղափոխման պարագայում մեծ է դառնում նաեւ Արցախյան խնդրի հետ կապված` պարտադրված լուծման հեռանկարը, որը կարող է արտառոց զարգացումների պարագայում ստանալ ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի համար հավասարաչափ ցավոտ ելք, օրինակ՝ «Մադրիդյան սկզբունքների» տեսքով՝ տարածքների վերադարձ՝ Արցախի կարգավիճակի դիմաց: Այսպիսով, որքան աճում է նման ֆինիշի հավանականությունը, այնքան կարող է մեծանալ պատերազմի վտանգը: Այն է՝ եթե Բաքուն մինչեւ վերջ տրամադրված է իր օգտին ամբողջական լուծում ստանալու մտքին, ապա պետք է փորձի հաջողության հասնել, քանի դեռ չկան ռուս-ամերիկյան գոնե նախնական պայմանավորվածություններ: Իսկ այդպիսիք՝ դեռևս չկան: Առավել եւս, երբ պատերազմական հաջողության գործոն է ընկալվում նաեւ ներհայաստանյան անորոշ իրավիճակը: Քանի դեռ Հայաստանում կառավարությունը անցումային է՝ պատերազմի վտանգը առկա է, և դա քաջ գիտակցում է Նիկոլ Փաշինյանը: Նաև դա է պատճառը, որ նոր իշխանությունները ցանկանում են օր առաջ անցկացնել արտահերթ ընտրությունները և ամրապնդել դիրքերը նաև արցախյան ճակատում:
Ստելլա Խաչատրյան