Երևանի ավագանու ընտրություններն էլ «կանցկացնի» ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Չնայած իշխանափոխությունից հետո շատերն էին պահանջում նրա հրաժարականը, սակայն նա համառորեն շարունակում է պաշտոնավարել: Այս առումով, իհարկե, շատերի մոտ կարող է տարակուսանք առաջանալ, հաշվի առնելով Փաշինյան-Մուկուչյան փոխհարաբերությունները:
 
Ընդդիմադիր Փաշինյանը մշտապես քննադատության թիրախում է պահել ԿԸՀ ղեկավարին, գրեթե յուրաքանչյուր տեղական կամ համապետական ընտրություններից հետո հենց նրան մեղադրելով ընտրակեղծիքների վրա աչք փակելու և այդպիսով՝ իշխանությունների վերարտադրությունը ապահովելու մեջ: Հիշում ենք՝ ինչպես Մուկուչյանն անգամ չէր ցանկանում պատասխանել այդ մեղադրանքներին՝ «չիջնելու համար Փաշինյանի մակարդակին»:
  
Հետևաբար, ո՞րն է պատճառը, որ նման պաշտոնյան այսօր քարտ–բլանշ է ստացել նոր կառավարության կողմից: Արդյո՞ք Փաշինյանը վստահ է, որ կարողացել է իրենով անել Մուկուչյանին և վստահ է, որ վերջինս չի օգտագործի իր ունեցած լծակները՝ նախկին իշխանության ներկայացուցիչների «ջրաղացին ջուր լցնելու» հարցում: Իհարկե, Երևանի ավագանու ընտրությունների տեսանկյունից Փաշինյանը կարող է հանգիստ լինել՝ հակահեղափոխության հետ ասոցացվող ՀՀԿ-ն որոշում է կայացրել չմասնակցել գալիք ընտրապայքարին՝ ըստ երևույթին՝ ուժերը պահելով գլխավոր քաղաքական «մենամարտի» համար: Որքանո՞վ է Փաշինյանը վստահ, որ հենց այստեղ չի աշխատի Մուկուչյան–ՀՀԿ վաղեմի տանդեմը:
 
Մյուս կողմից, գուցե Մուկուչյանի երկարակեցության պատճառն այն կադրային սովն է, որն այս պահին ունի Փաշինյանի թի՞մը: Կարծես թե կրկնվում է ՊԵԿ-ում ստեղծված իրավիճակը, երբ ինքը՝ Փաշինյանն էր հայտարարում, որ կադրային նշանակումներն իր սրտով չեն, սակայն նոր կադրերի ներգրավումը տվյալ պաշտոնների համար՝ պետության վրա շատ ավելի թանկ կնստի: Գուցե Մուկուչյանի քարտ-բլանշը հենց սրանո՞վ է պայմնավորված: Կարծես թե նա անփոխարինելի է դառնում նաև Նոր Հայաստանում…