Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը բացատրել է, թե ինչու է կատարվել օրենսդրական փոփոխությունը, ըստ որի` վարչապետի ընտրությունները պետք է անցկացվեն ապրիլի 17-ին և ոչ թե մայիսի 2-ին։ «Եթե կա հնարավորություն` օր առաջ ձևավորելու գործադիր իշխանություն, դա պետք է անել, քանի որ բխում է մեր անվտանգությունից»,-հայտնել է նախարար Հարությունյանը։ Ի՞նչ անվտանգության մասին է խոսում Հարությունյանը: Ակնհայտ է, որ խոսքը առաջին հերթին ռեժիմի անվտանգության մասին է, իշխող համակարգի, որի համար անվտանգություն հասկացությունը վերջին շրջանում ամբողջությամբ նոր բովանդակություն և իմաստ է ստացել: Հասկանալի է, որ այն ֆորս-մաժորը, որի մասին արդեն երկար ժամանակ է, ինչ խոսվում է՝ իշխող համակարգի մտքից դուրս չի եկել, հետևաբար, անհրաժեշտ է նաև կանխարգելիչ միջացառումներ իրականացնել վտանգը նվազագույնի հասցնելու նպատակով: Իսկ վտանգը թե՛ համակարգի ներսից է, թե՛ դրսից: Դրսի վտանգը պայմանավորված է ընդդիմության ցանկությամբ՝ ամեն գնով խոչընդոտել Սերժ Սարգսյանի վերարտադրությանը: Ունի՞ հայաստանյան ընդդիմությունն անհրաժեշտ ռեսուրս՝ ցանկությունն իրականություն դարձնելու համար, թե ոչ՝ այլ հարց է: Սակայն ապահովագրվել նման զարգացումներից՝ անհրաժեշտ է: Համակարգի համար մյուս պոտենցիալ վտանգը հենց համակարգի ներսից է, իսկ ավելի ստույգ՝ այն գալիս է Կարեն Կարապետյան- Սամվել Կարապետյան տանդեմից:
 
Օղակը վարչապետ Կարեն Կարապետյանի շուրջ վաղուց է սեղմվում: Պատճառները շատ են, շահառուները` նույնպես: Հարցադրումն էլ միակն է` այդ նա՞ է, որի «քուղերը» պետք է «կապվեն» 2018-ին որպես վարչապետ, թե՞ մեկ ուրիշին պետք է սպասել: Հարցնում են ՀՀԿ-ում: Նաև` ԲՀԿ-ում: Այդ թվում և` ՀՅԴ-ում: Արձանագրենք` նշված կուսակցությունները սպասում են «մեկ ուրիշին»: Այնուհանդերձ, Կարեն Կարապետյանի շուրջ առկա օղակն ամենևին էլ միատարր չէ. բաղկացած է տարբեր, խիստ օբյեկտիվ, ինչպես նաև սուբյեկտիվ «հյուսվածքներից»: Մյուս կողմից, բոլոր այս տարբերակները խոշոր հաշվով տանում են մեկ տեղ, կամ մեկ հոգու՝ Սերժ Սարգսյանին, որի «էնտուզիազմից» է կախված, թե ինչ տարբերակով կզարգանան իրադարձությունները: Եթե նա չմիջամտի այս զարգացումներին, ապա ցանկացած տարբերակ էլ հնարավոր է: Սակայն դա քիչ հավանական է թվում՝ նկատի առնելով նաեւ այն հանգամանքը, որ նա նոր իշխանություն ձեւավորելու «քարտ բլանշ» է խնդրել ու ստացել արտաքին կենտրոններից:
 
Սերժ Սարգսյանը բաց է պահում 2018-ի ապրիլը, եւ դա հասկանալի է. նախ, նրա որեւէ միանշանակ հայտարարությունն այդ կապակցությամբ, կարող է լուրջ հետեւանքներ ունենալ թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին զարգացումների համատեքստում, եւ երկրորդ՝ նրա «քարտ բլանշը» ակնհայտորեն տրված է մինչեւ 2018-ի ապրիլ, երբ ավարտվում է նրա նախագահության ժամկետը, եւ որից հետո, ինչպես ինքն է ասել՝ պլաններ չկան: Հետևաբար, չի բացառվում, որ պլաններ ծագած լինեն Կարեն Կարապետյանի մոտ, ով բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է ապրիլից հետո պահպանել իր ներկայիս պաշտոնը: 20-օրյա ժամկետում Կարապետյանը կարող էր թավշյա հեղաշրջում իրականացնել՝ փաստացի՝ լինելով երկրի թիվ մեկ դեմքը: Բայց նրան 20 օր էլ չեն թողնում որպես առաջին դեմքի պաշտոնակատար, այլ ընդամենը 7 օր՝ առավելագույն հնարավորը: Սա ակնհայտ անվստահության քվե է գործող վարչապետին և համակարգի՝ անվտանգության ամրապնդմանն ուղղված կանխարգելիչ քայլ:
 
Ստելլա Խաչատրյան