Դեռ Ամանորից առաջ լուր տարածվեց, որ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը դիմում է գրել՝ խնդրելով իրեն ազատել պաշտոնից: Լուրեր շրջանառվեցին, որ նախարարի փոփոխության մասին պաշտոնապես կհրապարակվի տոներից հետո։ Այս պաշտոնը վարչապետ Կարեն Կարապետյանի իրավասության տիրույթում է, եւ նա է առաջարկելու թեկնածուին, այսպես ասած՝ նրա մարդն է լինելու:
 
Սակայն արդյո՞ք ամեն բան այդքան հարթ է ընթանալու, ինչպես թվում է առաջին հայացքից: Մանուկյանին փոխարինողների հավանական ցանկը երկար չէ՝ Ռոբերտ Նազարյան և Հայկ Հարությունյան: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նկատենք, որ Հարությունյանը վերջին տարվա ընթացքում հատկապես մեծ ակտիվություն է ցուցաբերել, մասնավորապես, արևային էներգետիկայի զարգացման գործում: Նախարար աշխատելու առաջարկ չի ստացել, բայց այդ պաշտոնում նշանակվելուն դեմ չէր լինի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, ում անունը ևս շրջանառվում է նախարարի պաշտոնի համար: Նրա կառավարման օրոք գրեթե բոլոր բնական մոնոպոլիստները կարողացան թանկացնել սակագները:
 
Ակնհայտ է, որ մեկ առանձնին վերցրած պաշտոնի համար մարտավարական լուրջ պայքար է մղվելու վարչապետ Կարապետյանի և նախագահ Սարգսյանի միջև: Բանն այն է, որ էներգետիկայի ոլորտը մի բնագավառ է, որտեղ յուրաքանչյուր շահագրգիռ կողմ խոսում է միայն միլիարդների լեզվով, բացի այդ, ոչ միայն բիզնես, այլև ամուր քաղաքական հենարաններ ունեցող է: Հետևաբար, թե՛ Կարապետյանը, թե՛ Սարգսյանը ձգտելու են այս պաշտոնին նշանակել իրենց թիմակցին: Կարապետյանի պարագայում նրա ցանկությունը հասկանալի է, քանի որ ոլորտում ներդրումների գերակշիռ մասնաբաժինը պատկանում է նրա կողմից ստեղծված Ներդրողների ակումբին, նա ցանկանում է լեգետիմ «մենաշնորհ» սահմանել այս ոլորտում: Իր հերթին Սերժ Սարգսյանը դեմ չէր լինի թուլացնել Կարապետյանի հենարանը նաև գործադիրում, մինչ օրս դա հաջողվում է անել հիմնականում ՀՅԴ-ական նախարարների օգնությամբ, որոնց համագործակցությունը Կարապետյանի հետ՝ ի սկզբանե հարթ չընթացավ:Հետևաբար, Սարգսյանի համար Մանուկյանի հրաժարականն անչափ հարմար առիթ է՝ կատարել սեփական «քայլը ձիով», ի դեմս Նազարյանի, ով ուղն ու ծուծով սարգսյանական թիմի ներկայացուցիչ է և ոլորտի «հին գել», ով տիրապետում է ոլորտում խաղի բոլոր կանոններին և կարող է լեզու գտնել խաղացողների հետ Սարգսյանին անհրաժեշտ պայմաններով:
 
 
Ստելլա Խաչատրյան