2014-ին, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե այլևս չի հավակնելու երկրի ղեկավարմանը՝ նախագահի կամ վարչապետի պաշտոնում, երկրում միանգամայն այլ իրավիճակ էր: Գոյություն ուներ իշխանությանը հակադրվող լուրջ այլընտրանքային կենտրոն. Եռյակի ֆորմատը նաև հարթակ էր, որում դրսևորվում էին Սերժ Սարրգսյանի հիմնական քաղաքական հակառակորդների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ամբիցիաները:

 

Իրավիճակն արմատապես փոխվեց 2015-ի հայտնի իրադարձություններից հետո, երբ երկրում, ըստ էության, ինստիտուցիոնալ առումով, վերացվեց ընդդիմությունը: Այլևս տրված էր իշխանության վերարտադրության գործընթացի մեկնարկը և կանխատեսելի էր, որ Սերժ Սարգսյանը վաղ թե ուշ հրապարակավ դրժելու է 2014-ի իր խոստումը, մանավանդ կառավարման նոր համակարգում ՀՀԿ-ն մտադիր չէր հրաժարվել իր մոնոպոլ կարգավիճակից, իսկ Սերժ Սարգսյանը տարբեր պատճառներով չունի վստահելի ժառանգորդ ու իր մերձավոր շրջապատում ավելի հաճախ մրցակիցներ է փնտրել, քան գործընկերներ:

 

Արդեն 2015-ի դետեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը չբացառեց իր առաջադրումը վարչապետի պաշտոնում, դա պայմանավորելով 2017-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:

 

Ընդդիմության բեկորները քննադատեցին երկրի ղեկավարին մեկ տարի առաջ տված խոստումից հրաժարվելու համար, սակայն հայաստանյան իրականությանը խորթ չէ խոսքի և գործի կոնտրաստը:

 

Ի վերջո՝ Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտը չէր մաքրում, որպեսզի իշխանությունը սկուտեղի վրա մատուցեր Հովիկ Աբրահամյանին կամ «քաղաքական երազախաբությամբ» տառապողներին, ովքեր հույսները դրել էին խորհրդարանական արդար ընտրությունների վրա: Ապրիլյան պատերազմը, հուլիսյան իրադարձությունները, Կարեն Կարապետյանի հայտնվելն իշխանության համակարգում, դարձյալ փոխեցին իրավիճակը և որոշ մարդկանց մոտ պատրանքներ ծնեցին, թե Սերժ  Սարգսյանը ժառանգորդ է նախապատրաստում՝ նրան իշխանությունը անցնցում փոխացելու և «թոշակառուի» իր կարգավիճակը բարեկեցիկ և անվտանգ դարձնելու համար: Բայց Սարգսյանի պատկերացումներն այլ են. նրա համար Կարեն Կարապետյանը ոչ թե ժառանգորդի կերպար է, այլ «թարմ դեմք», ով պետք է ապահովի իշխանության վերարտադրության ծրագրի հանրային աջակցությունը:

 

Ալ Ջազիրա հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե «արդյոք Դուք դիտարկում եք առաջադրվել վարչապետի պաշտոնում նոր Սահմանադրությամբ» Սարգսյանը պատասխանել է. «Ես շատ վաղ եմ համարում այդ խոսակցությունները վարելը: Դա նույնն է, որ մենք դեռևս ձուկը ջրում սկսենք խոսել նրա օգտագործման մասին: Ասելս ինչ է, որ մենք հաջորդ տարի ունենալու ենք խորհրդարանական ընտրություններ: Եվ որպեսզի ես, այսպիսի տարբերակ դիտարկեմ, առնվազն մեր կուսակցությունը պետք է ընտրություններում շատ լավ քվե ստանա»: 

 

«Շատ լավ քվեն» ենթադրում է խորհրդարանական կայուն մեծամասնության առկայություն այնպիսի մեծամասնություն, որ ինքը Սերժ Սարգսյանին խնդրի 2018-ին ստանձնել վարչապետի պաշտոնը:


«Շատ լավ քվեն» հնարավոր է ստանալ տեսականորեն երկու ճանապարհով: Մեկը «ավանդական» ճանապարհն է, երբ քրեաօլիգարխիան «տոկոս է խփում» ապահովելով հանրապետական կայուն մեծամասնությունն ապագա խորհրդարանում: Երկրորդ ճանապարհն այն է, երբ Կարեն Կարապետյանի կառավարությունը առաջիկա ամիսներին հաջողում է՝ շահելով հասարակության վստահությունը և ՀՀԿ-ն 2017-ի ընտրություններում հաղթում է՝ ընդդիմության ըստ էության չգոյության ֆոնին:

 

Առանձին-առանձին վերցրած երկու տարբերակներից որևէ մեկը Սերժ Սարգսյանին ձեռնտու չէ, որովհետև առաջին դեպքում չի բացառվում քրեաօլիգարխիայի ռևանշը, իսկ երկրորդ դեպքում՝ հաղթանակն ըստ էության լինելու է Կարեն Կարապետյանինը, ում քաղաքական ամբիցիաները կարող են ի դերև անել Սերժ Սարգսյանի վարչապետական հավակնությունները:

 

Ըստ այդմ, Սերժ Սարգսյանն ընտրել է մի երրորդ տարբերակ, որը ենթադրում է իշխանության ներսում երկու առանցքների ավտոնոմ գոյություն:


ՀՀԿ վերնախավը՝ նույն քրեաօլիգարխիան և Կարեն Կարապետյանը, երբեք չեն «մերվելու» և հաղորդակցվելու են բացառապես Սերժ Սարգսյանի միջոցով: Այսինքն, Սերժ Սարգսյանը, ըստ էության, իշխանության մեջ պահելու է երկու մրցակցող համակարգեր, որոնց ռեսուրսներն օգտագործելու է ընտրությունների ժամանակ, իսկ հակասությունները՝ իր իշխանությունը վերարտադրելու նպատակով:

 

Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի գործոնը օգտագործելու է հանրային վստահության ռեսուրս ստեղծելու և քրեաօլիգարխիայի ախորժակը զսպելու նպատակով, քրեաօլիգարխիային օգտագործելու է «շատ լավ քվե» ապահովելու և Կարեն Կարապետյանի քաղաքական հավակնությունները սանձելու համար:

 

Եթե նույնիսկ, Կարեն Կարապետյանն այս իրողությունը չի հասկացել այսօր, հասկանալու է վաղը: Վարչապետը կանգնելու է երկընտրանքի առաջ՝ խաղալ Սերժ Սարգսյանի կանոններով, կամ բացահայտորեն հակադրվել Սերժ Սարգսյանին, պոտենցյալ դաշնակցի կարգավիճակում ունենալով միայն հասարակությանը:

 

Սարգիս Հակոբյան