Ուշագրավ է այն, թե բյուջեի և կառավարության ներկայացրած մյուս նախագծերի քննարկումներն ինչ տոնայնությամբ ընթացան և ինչ դիրքավորումներով: ՀՀԿ-ն կողմ քվեարկեց Կարեն Կարապետյանի ներկայացրած բյուջեին, բայց քննարկումների շեշտադրումները, հնչելիք հարցերը, ելույթները հետաքրքիր էին՝ հասկանալու համար, թե իրականում ՀՀԿ-ում և ընդհանրապես խորհրդարանում որքանո՞վ մեծամասնություն ունի Կարեն Կարապետյանը. խորհրդարանը նրա՞ հենարանն է, թե՞ Սերժ Սարգսյանի: Դեռևս ընտրությունից առաջ, առիթներ ունեցել ենք գրելու, որ նոր խորհրդարանը, իրականում ունենալով դե յուրե մեծամասնություն, դե ֆակտո այլ մեծամասնության խորհրդարան է լինելու: Կառավարության ներկայացրած բյուջեի շուրջ քննարկումներն, ըստ ամենայնի՝ եթե ոչ լիարժեք բացահայտելու, ապա ուրվագծելու իմաստով, իհա՛րկե ի ցույց դրեցին այդ դե ֆակտո մեծամասնությունը՝ ցույց տալով, թե ինչ ռեսուրս ունի 2018-ի համար Կարեն Կարապետյանը, և ինչ ռեսուրս ունի Սերժ Սարգսյանը:
 
Ընդ որում՝ Կարեն Կարապետյանի գործոնը կոնտրաստային է, որովհետև նա, ֆորմալ առումով, ներկայացվեց իշխանության ժառանգորդի կարգավիճակում, սակայն արդեն երկրորդ անգամ է՝ խորհրդարանը քննարկում է բյուջե` չունենալով որևէ քաղաքական երաշխիք, թե անհատական պատասխանատվության մակարդակում հենց այս վարչապետից է պահանջելու դրա կատարողականի պատասխանատվությունը: Նա գործնականում ինստիտուցիոնալ որևէ առնչություն չունի խորհրդարանական գործող մեծամասնության հետ, որը 2018-ի ապրիլից, նոր Սահմանադրության ուժով, գոնե ֆորմալ առումով, ըստ էության՝ իշխանության անմիջական կրողն է: Այս առումով` Կարեն Կարապետյանի վարչապետության հեռանկարը 2018-ի ապրիլից հետո ավելի շատ ռիսկեր ու անորոշություն է ծնում, որովհետև Հայաստանն ակնհայտորեն չունի իրական և ֆորմալ իշխանությունների բարդ հարաբերությունների լաբիրինթոսում հայտնվելու ռեսուրս: Այդ ռիսկերը և հարցերն ակնհայտ են դառնում, երբ ամենաշատ առաջարկները կառավարությանը ներկայացվում են ԱԺ ՀՀԿ խմբակցության կողմից: Սեփական կառավարության բյուջեի հասցեին այդքան դիտողություններ ու լրացումներ առաջարկող ՀՀԿ-ն արդյո՞ք իր այս քայլով ինչ-որ բան չի ուզում ակնարկել վարչապետ Կարեն Կարապետյանին ու նրա թիմին:
 
Կարեն Կարապետյանը, եթե նույնիսկ 2018-ի ապրիլին պահպանի վարչապետի պաշտոնը, չի ասոցացվելու իրական իշխանության հետ, որովհետև նա ակնհայտորեն համակարգային կոնսենսուսի կրող չէ: Թերևս, Կարեն Կարապետյանը վստահ է, որ ամիսներ անց ինքը չի զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, կամ էլ` համարում է, որ լիարժեք պատասխանատվության անհրաժեշտություն ունի միայն այն բանից հետո, երբ լիարժեք կլինի իր իշխանությունը: Որն էլ լինի իրականությունը, Կարեն Կարապետյանի վարչապետությունը միայն հանգեցրել է պետական ինստիտուտների դեգրադացմանը, որովհետև ներհամակարգային հակադրությունը կամ դրա իմիտացիան բացառապես մեծացնում են քաղաքական անորոշությունն ու անպատասխանատվությունը:
 
Ստելլա Խաչատրյան