ՀՀ արտաքին գործերի նախարար Տիգրան Բալայանը անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, որում վերջինս հայ լինելը վիրավորանք էր համարել:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' պատասխանելով «Արմինֆոյի» հարցին Բալայանը մասնավորապես նշել է. «Նման ռասիստական հայտարարությունները պատիվ չեն բերում որևէ մեկին և հատկապես պետության ղեկավարին։

 

Զարհուրելի է, որ հայտարարության հեղինակը դա անում է նախընտրական շրջանում՝ ակնկալելով, որ դա կարող է լրացուցիչ ձայներ բերել։

 

Հենց նման հայտարարարություններն են պարարտ հող ստեղծում' էթնիկ հիմքի վրա հանցագործությունների համար, ինչպիսին էր Հրանտ Դինքի սպանությունը։

 

Ռասիզմի նման դրևորումներն են ընկած ցեղասպանությունների իրագործման և դրանց ժխտողականության հիմքում»։

 

Ավելի վաղ Թուրքական NTV հեռուստաալիքի «Խոսում են թեկնածուները» ծրագրի ուղիղ եթերում ելույթում Էրդողանը հայտարարել է, որ իր քաղաքական գործունեության ընթացքում ԶԼՄ-ները բազմիցս իր նկատմամբ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել' իրեն հայտարարելով հույն, վրացի, քուրդ եւ այլն: Ուղիղ եթերում նա ասել է, որ մի ժամանակ իրեն անգամ «հայ» են անվանել:

 

Նշելով, որ ինքը թուրք է, Էրդողանն ասել է. «Մի քանիսն ինձ վրացի անվանեցին, նույնիսկ ավելի կեղտոտ բաներ ասողներ եղան. ինձ հայ անվանեցին, ես հորս եւ պապիս կողմ ից թուրք եմ: Ծագումով Ռիզեից եմ, ծնվել եւ մեծացել եմ Ստամբուլում»:

 

Թուրքական ԶԼՄ-ներն ավելի վաղ հայտնել էին, որ Էրդողանի հայրը ծագումով չերքեզ է, մայրը' հրեական խառնուրդով թուրք, նրա կնոջ հայրը ազգությամբ թուրք է, իսկ մայրը' արաբ: