Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի' ապրիլի 23-ին տարածած հաղորդագրության վերաբերյալ Թուրքիայի հայկական համայնքի մի շարք ներկայացուցիչներ արձագանքել են ոչ ադեկվատ կերպով, ինչը տեղադրվել ու տարածվել է թուրքական լրատվամիջոցներում: «Յեն շաֆաք» պարբերականը հրապարակել է մի հոդված, որտեղ տեղ է գտել Էրդողանի ուղերձի վերաբերյալ Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի գործադիր խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուի մեկնաբանությունը: Ակնհայտ է, որ թուրքական պարբերականը նպատակ է հետապնդել քարոզչություն իրականացնել ու հրապարակել էրդողանամետ բովանդակություն, քանի որ հոդվածում Շիրինօղլուն ներկայացվում է որպես «հայկական համայնքի նախագահ»:
Պարբերականին տված մեկնաբանության մեջ Շիրինօղլուն իր գոհունակությունն է հայտնում Էրդողանի' «նախադեպը չունեցած հայտարարության» կապակցությամբ: Նա նշում է, որ ավելի վաղ Էրդողանն իրենց էր վերադարձրել հայկական գույքը և որ նման քայլերից հետո նա կարող է «առաջիկայում հավակնել Նոբելյան մրցանակի»: Շիրինօղլուն շարունակել է իր տարօրինակ հայտարարությունների շարքը' հավելելով, որ իրականում պետք է երկու կողմերն էլ ներողություն խնդրեն, «քանի որ տեղի ունեցած իրադարձությունները փոխադարձ բնույթ են կրել»:
Շիրինօղլուի նման հայտարարությունը արդեն իսկ հասցրել է արժանանանալ իր հայրենակիցների և հայկական համայնքի ներկայացուցիչների խիստ բացասական արձագանքին, ովքեր նման մոտեցումն ուղղակի անընդունելի են համարում: Հետաքրքիր է, որ նմանօրինակ մոտեցմամբ ու դիրքորոշմամբ Շիրինօղլուն հանդես է գալիս ոչ առաջին անգամ: Դեռևս 2010 թվականին Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ էլ վարչապետի մամուլի բաժինը նրան ներկայացրել էր իբրև Ստամբուլի հայկական համայնքի ղեկավար, ի հակազդեցություն որի հայկական համայնքի ներկայացուցիչները հատուկ հոդված էին հրապարակել ու ստորագրահավաք սկսել:
Հոդվածի հեղինակները հիշեցրել էին, որ Շիրինօղլուն պարզապես ղեկավարում է Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամը և համայնքի ղեկավարը չէ: «Հիմնադրամի ղեկավարի լիազորություննների մեջ չի մտնում ներկայացնել համայնքն ու մեր անունից խոսել քաղաքական թեմաներով: Այդ պատճառով Շիրինօղլուի հայտարարությունները կապ ունեն միայն նրա անձի հետ, այլ ոչ թե հայկական համայնքի»,- նշվում էր հոդվածում:
Հեղինակներն ընդգծել էին, որ անգամ եթե հայկական համայնքին պատկանող մի քանի սեփականություն վերադարձվել էլ է իր օրինական տերերին, այդուհանդերձ, դրանց մեծ մասը շարունակում է մնալ թուրքական պետության վերահսկողության տակ: Նրանք հիշեցրել էին, որ հայկական գույքը հետ վերադարձնելու համար տրված 1410 դիմումից բավարարվել են միայն 96-ը: Հեղինակները նաև ամբողջությամբ սուտ էին անվանել Շիրինօղլուի այն պնդումը, թե հայերը Թուրքիայում բնակվում են ապահովության մեջ: «Այս երկրում հայերը ենթարկվում են խտրականության, բռնության, միջազգային հարաբերություններում օգտագործվում են որպես առուծախի առարկա, իսկ թուրքական հասարակության մի մեծ շրջանում շարունակվում են հակահայկական տրամադրությունները»,- ընդգծել էին նրանք' ասելով, որ իրենք ապրում են Շիրինօղլուի ներկայացրածից տարբերվող Թուրքիայում: