Լվովում իրավիճակը հանգիստ է, ոչ մի լարվածություն չկա: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ուկրաինայի Լվով քաղաքի հայկական համայնքի նախագահ Նիկոլայ Քոչարյանը: «Ոչ մի լարվածություն չկա, իրավիճակն այս պահին հանգիստ է: Ուկրաինայում Հայաստանի դեսպանատունը, տեղի հայ համայնքի ղեկավարությունն ակտիվ աշխատում են, բարդություններ չկան»,-ասաց Նիկոլայ Քոչարյանը: Նա տեղեկացրեց, որ մշտական կապի մեջ են իրավապահ մարմինների հետ, անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում:
Նիկոլայ Քոչարյանը նշեց, որ կապի մեջ են Լվովում Ադրբեջանի համայնքի ղեկավարության հետ: Փորձ է արվում իրավիճակը հանդարտեցնել: «Ասացինք' եկեք էմոցիաները դնենք մի կողմ և իրավիճակը հանդարտեցնենք, այս բախումը հաղթող չի ունենալու»,-հավելեց Նիկոլայ Քոչարյանը:
Ուկրաինական Լվով քաղաքում մայիսի 12-15-ն ընթացող Եվրոպայի քունգ-ֆուի առաջնությանժամանակ ադրբեջանական հավաքականի մարզիկները ներխուժել են ռինգ և փորձել հաշվեհարդար տեսնել մենամարտը հաղթող արցախցի մարզիկի հետ՝ հարձակվելով Հայաստանի հավաքականի անդամների վրա: Հայ և ադրբեջանցի մարզիկների միջև ընթացող մենամարտերից մեկի վերջում, երբ ակնհայտ էր արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանի հաղթանակը, Ադրբեջանի թիմի մարտավկան փորձել է հարվածել մեր մարզիկին: Ադրբեջանցիները նույնիսկ հարվածել են Եվրոպայի քունգ-ֆուի ֆեդերացիայի նախագահ Նիկոլայ Մատուլյովսկուն, ով փորձել է մարմնով փակել արցախցի մարզիկին: Ստեղծված իրարանցմանն ու ծեծկռտուքին միջամտել են ոստիկանության աշխատակիցները և սաստել անկարգություն հրահրած ադրբեջանցիներին: Ադրբեջանական թիմը նկատողություն է ստացելու որակազրկվել: Ի դեպ, հարձակման ենթարկված արցախցի մարզիկը ապրիլյան պատերազմիժամանակ ադրբեջանական բանակի 5 տանկ և 1 ՀՄՄ խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի եղբայրն է:
Մայիսի 16-ին միջադեպը կրկնվել է տեղի հայերի և ադրբեջանցիների միջև: