ՀՀ Կառավարության նիստում Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն այսօր ասել է, թե Ադրբեջանի ԱԻՆ ստորաբաժանումներին ցանկանում են մոբիլիզացնել սահմանին զինվորական ծառայության անցնելու համար: Երիցյանին ի պատասխան' ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, որ Ադրբեջանը զգուշանում է Մինգեչաուրի ջրամբարի ուղղությամբ հայկական կողմի գործողություններից:

 

Հայկական պաշտպանական գերատեսչության ղեկավարի այս խսոքերն իսկական խուճապ են առաջացրել ադրբեջանական լրատվամիջոցներում: Այնտեղ վստահ են, որ իրավիճակի հետագա սրման դեպքում հայկական կողմը պատրաստվում է պայթեցնել Մինգեչաուրի ջրամբարը:

 

«Եթե, Աստված չանի, հայերն իրականացնեն Մինգեչաուրի ջրամբարի հետ կապված իրենց սպառնալիքները, ապա Արանի ողջ տարածքը, ընդհուպ մինչև Բաքու, կարող է ջրի տակ հայտնվել», - տեղի լրատվամիջոցներից մեկին ասել է Ադրբեջանի Էկոլոգիական կանխատեսումների ազգային կենտրոնի տնօրեն Թելման Զեյնալովը: Վերջինս նաև ավելացրել է, որ ջրամբարի պայթեցման դեպքում կջրասուզվի նաև Լեռնային Ղարաբաղի մեծ մասը: «Այնտեղ մեկ միլլիարդ կուբամետրից ավել ջուր կա, և դա կարող է բերել աննախադեպ աղետի, ջուրը կհերիքի բոլորին», - ասել է Զեյնալովը:

 

Մեկնաբանելով ադրբեջանական կողմի խուճապային տրամադրություները՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանի Էկոլոգիական կանխատեսումների ազգային կենտրոնի տնօրենի խոսքերը ծիծաղելի են: «Շատ խելք պետք չի ունենալ, «կանխատեսելու» համար, թե որտեղ կարող է հոսի Մինգեչաուրի ջրամբարի ջուրը:

 

Ջրերը չեն կարող դաշտավայրից լեռներ հոսել: Ֆիզիկայի օրենքներն են այդպիսին: Հարկ է, որ կանխատեսումների կենտրոնների ղեկավարներն այդ պարզ ճշմարտությունները գոնե իմանան», -ասել է Մելիք-Շահնազարյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանում բոլորին է հայտնի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ պատերազմ հրահրելն իրենց երկրի համար:

 

«Այնպես որ կանխատեսումներով և գուշակություննեորվ զբաղվելու փոխարեն հրաժարվեն իրենց սադրիչ, հայատյաց քաղաքականությունից», - ասել է փորձագետը: