Թուրքիան շարունակում է պաշտոնական մակարդակով աջակցել Ադրբեջանի ռազմատենչ նկրտումներին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի նկատմամբ: Բաքվին սիրաշահող հերթական քայլը կատարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն, ով Անկարայում այցելել է հայկական կողմի նկատմամբ անհաջող դիվերսիոն գործողությունների ժամանակ վիրավորված ադրբեջանցի զինվորներին, ովքեր բուժման նպատակով գտնվում են Թուրքիայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, իր այցելության մասին Դավութօղլուն գրառում է կատարել և լուսանկար է տեղադրել Թվիթերի իր միկրոբլոգում: Իր գրառման մեջ նա շուտափույթ ապաքինում է մաղթել իրենց «հյուրերին»:

 

Ավելի վաղ, հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա վերջին օրերի լարվածության կապակցությամբ Դավութօղլուն հեռախոսազրույց էր ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ նա վստահեցրել էր, թե «ցանկացած առումով Թուրքիան լինելու է Ադրբեջանի կողքին»: