Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրում «հասարակական հաշտեցման նոր դարաշրջան» է խոստացել: Նա նաեւ հայտարարել է, որ ծրագրում է ընդլայնել երկրի նախագահի լիազորությունները:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, դեռեւս ոչ պաշտոնապես Թուրքիայի նախագահ ընտրված Էրդողանը հայտարարել է երեկ գիշեր նրան շնորհավորելու համար Անկարայի գլխավոր հրապարակ եկած իր համախոհների առաջ ունեցած ելույթում: «Թուրքիայում բնակվող հայերը, քրդերը, ասորիները եւ մյուս էթնիկ փոքրամասնությունները առաջին հերթին մեր երկրի քաղաքացիներ են, եւ ես լինելու եմ մեր բոլոր քաղաքացիների նախագահը», -հավաքվածներին հայտարարել է Էրդողանը:

 

Մինչ այժմ Թուրքիայում պետության ղեկավարի պաշտոնը կրել է արարողակարգային բնույթ: Իրական լիազորությունները պատկանել են վարչապետին: Մինչ նախագահ ընտրվելը Էրդողանը երեք ժամկետ' 11 տարի զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը: Վարչապետի պաշտոնում նրա վերջին ժամկետի ընթացքում Թուրքիայում իշխանությունների եւ երիտասարդության միջեւ հզոր դիմակայություն էր ստեղծվել' կապված Ստամբուլում Գեզի այգու ծառերն ապօրինաբար հատելու հետ, ինչպես նաեւ Էրդողանի վարած քաղաքականության դեմ:

 

Էրդողանի կողմնակիցները նշում են նրա դրական տնտեսական քաղաքականությունը: Դրա հետ միասին, ընդդիմությունը խստորեն քննադատում է Էրդողանին որպես աշխարհիկ քաղաքականությունից հրաժարվելու միտում որդեգրած ավտոկրատի: