Ամառային արձակուրդների ամենաթեժ ժամանակաշրջանում «Forbes» ամսագրի ռուսական բաժինը «պեղել» և հայտնաբերել է նախկին Խորհրդային Միության 14 երկրների ամենաարտասովոր տեսարժան վայրերը:


«Խորհրդային Միությունը մի յուրօրինակ պետություն էր, որի քաղաքացիները, զրկված լինելով արտասահման ճանապարհորդելու հնարավորությունից, կարող էին մեկ պետության սահմաններում լինել կլիմայական բոլոր գոտիներում: Ռիգայի կոկիկ փողոցները փոխարինում էին փարիզյան կամ լոնդոնյան զբոսանքներին, Սուխումի լողափերում հանգստանում էին նրանք, ովքեր երազել անգամ չէին կարող Սարդինիայի հանգստյան գոտիների մասին, իսկ Վրաստանի լեռներում սահում էին լեռնադահուկորդները, ովքեր անգամ պատկերացում չունեին ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում գտնվող և ամենաթանկ լեռնադահուկային հանգստյան տներով հայտնի Ասպենի կամ ֆրանսիական ալպերում գտնվող Քուշևելի մասին»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նշում է ամսագիրը:


«Forbes»-ի 14 ամենաարտասովոր տեսարժան վայրերի ցանկում Հայաստանը ներկայացվում է որպես աշխարհի հնագույն քրիստոնեական պետություններից մեկը:


Հայաստան


Առաջին հավատացյալները Հայաստան են եկել Ք.ա. առաջին դարում, իսկ քրիստոնեությունը որպես պետական կրոն պաշտոնապես ընդունվել է 301 թվականին Տրդատ Երրորդ թագավորի օրոք, որով Հայաստանը դարձել է քրիստոնեությունը պետական կրոն ընդունած առաջին երկիրն աշխարհում:

 

«Միայն այստեղ կարելի է տեսնել եկեղեցիներ և վանքեր, որոնց տարիքն անցնում է հազարից»,- նշում է պարբերականը:

 

Հայաստանում ուշադրության արժանի հսակայական քանակությամբ հետաքրքիր պատմական հուշարձաններից ներկայացվում են հեթանոսական տաճար Գառնին և Ազատ գետի հոսանքով վերև` 7 կմ հեռավորության վրա վեր խոյացող Գեղարդի վանքը, որի առանձին կառույցներ թվագրվում են 13 –րդ դարով:

 

Գառնիի հեթանոսական տաճարը և Գեղարդի վանքն ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության հուշարձանների ցուցակում:

 

Հեղինակը խորհուրդ է տալիս նաև անպայման այցելել Էջմիածնի Մայր տաճար, որ կառուցվել է չորրորդ դարի սկզբին, քրիստոնեության ընդունումից անմիջապես հետո և դրանից հետո մի քանի անգամ վերակառուցվել է: Ըստ լեգենդի` տաճարի կառուցման վայրը Գրիգոր Լուսավորչին երազում ցույց է տվել Հիսուս Քրիստոսը:

 

Լատվիա 


Շատերն են տեղյակ, որ Խորհրդային Միության ամենաեվրոպական քաղաքներից մեկում` Ռիգայում է նկարահանվել խորհրդային «Շեռլոկ Հոլմս» սերիալը: Սակայն քչերը գիտեն, որ այցելելով այս խորհրդավոր երկիր` ընկղմվում ես ոչ միայն տասիններորդ դարի բրիտանական մայրաքաղաքի, այլև գոթական ամրոցների մի ողջ աշխարհ, որոնք իրենց ճարտարապետական լուծումներով հիշեցնում են Բասկերվիլի կալվածքը:

 

Բելոռուս


Բելոռուսն այն երկիրն է, որ կարողացել է լավագույնս պահպանել խորհրդային կյանքին բնորոշ բոլոր առանձնահատկությունները` մաքրությունը, կոկիկությունը, կյանքի հանգիստ ռիթմը, հանցագործության ցածր մակարդակը, ցածր գները, բարձրորակ սնունդը և ծառայությունները: 



Ուկրաինա


Բնությունն այս երկրին պարգևատրել է մեղմ տաք կլիմայով, բերրի հողերով և ընդարձակ տարածքներով, ինչը իդեալական պայմաններ է ստեղծել գյուղատնտեսության զարգացման համար: Ուստի տրամաբանական է, որ Ուկրիաինայի զբոսաշրջության ամենակարևոր ուղղություններից է ագրոտուրիզմը:

 

Մոլդովա


Գինեգործությունը Մոլդովայում ունի հնագույն պատմություն: Հնագիտական պեղումների համաձայն` մարդիկ այստեղ գինի են պատրաստել դեռ Ք.ա.  2500-3000 տարի առաջ: Այն իդեալական վայր է գինեգործական զբոսաշրջության սիրահարների համար:

 

Էստոնիա


Ժամանակակից էստոնիան դարձել է հանրահայտ վայր ՍՊԱ-տուրիզմի համար:

 

Վրաստան Վրաստանն իդեալական տուրիստական երկիր է տարվա ցանկացած եղանակի: Շատերի մոտ այս երկիրն ասոցացվում է անմահական խոհանոցի և լեռնային բնաշխարհի հետ, մյուսների մոտ` Բաթումի ծովափերի և լեռնադահուկային սպորտի համար «ստեղծված» Գուդաուրիի լանջերի:Սակայն վերջին տասնամյակի ընթացքում արևմտյան ճարտարապետների կողմից երկրում կառուցվել են բազմաթիվ շենքեր, որոնք յուրահատուկ են ինչպես իրենց գեղագիտական, այնպես էլ տեխնիկական լուծումներով:

 

Ադրբեջան


Ադրբեջան առաջարկվում է այցելել նավթային բուժիչ լոգանքներ ընդունելու համար:  Նշվում է, որ Ադրբեջանը 19-րդ տեղն է զբաղեցնում բնակչության մեկ շնչին հասնող նավթի և գազի պաշարների թվով:

 

Ղազախստան Ինդուստրիալ տուրիզմի սիրահարների համար հետաքրքիր կլինի այցելել Բայկոնուր, որ գլխավոր տիեզերական «դարպասն» էր նախկին ԽՍՀՄ-ի, իսկ այժմ` Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համար: Ինչպես նաև Արալսկ քաղաք, որը ժամանակին գտնվել է Արալյան ծովի ափին, սակայն ծովի ջրի մակարդակի կտրուկ անկման հետևանքով քաղաքը վեր է ածվել «ուրվական» քաղաքի: Գործազկության բարձր մակարդակի հետևանքով մարդիկ սկսել են լքել քաղաքը, իսկ նախկին նավահանգստում մնացել են միայն նավերի ժանգոտ կմախքները:

 

Թուրքմենստան

 


Այս երկիրը համարվում է ամենափակ երկրներից մեկն աշխարհում, ուր շատ դժվար է մուտք գործել: Շատ քիչ թվով զբոսաշրջիկներ են այցելում Թուրքմենստան` միգրացիոն օրենսդրության խստության պատճառով: Այստեղ այցելելու համար պետք է հրավեր ունենալ Թուրքմենստանի բնակիչներից, իսկ երկրում երեք օրից ավելի գտնվելու համար պետք է գրանցվել:   

 

Ուզբեկստան


Բամբակի անծայրածիր դաշտերի և հազարամյա պատմություն ունեցող երկիր Ուզբեկստանում է գտնվում մեծն նվաճող Թամերլանի գերեզմանը: Լեգենդի համաձայն, բացելով գերեզմանը` պատմաբանները Խորհրդային Միության վրա են գրավել Հայրենական մեծ պատերազմի արհավիրքները: Իսկ Ոզբեկստանի քաղաքները հիացնում են իրենց հնությամբ:  Միջնադարից այստեղ պահպանվել են ոչ թե առանձին շինություններ, այլ ամբողջական թաղամասեր և փողոցներ, ուր մինչ օրս մարդիկ ապրում են:

 

Ղրաղզստան


Այս երկիրն իրավամբ հպարտանում է իր բնությամբ. յոթ հազար մետր բարձրություն ունեցող լեռներ, որոնց հարևանությամբ տեղակայված է աշխարհի 25 ամենախոշոր և յոթ ամենախոր լճերից մեկը` Իսիկ-Կուլը: Զբոսաշրջիկները կարող են վայելել լճի վառ երկնագույն, մաքրամքուր ջրերը և ավազոտ ափերը, որտեղից աննկարագրելի տեսարան է բացվում դեպի լիճ և հեռավոր լեռների ձյունաճերմակ գագաթներ:

 

 

Տաջիկստան


Տաջիկստանում է գտնվում նախկին Խորհրդային Միության ամենաբարձր գագաթը` Իսմայիլ Սոմոնի գագաթը, որ ժամանակին հայտնի էր «Կոմունիզմի պիկ» անվամբ: 

 

Լեռան բարձրությունը կազմում է 7495 մետր, որն ընդամենը 1400 մետրով է ցածր Էվերեստից: