Նոտարները շուտով գույքային պատասխանատվություն կկրեն ոչ միայն դիտավորությամբ, այլև անզգուշությամբ պատճառված վնասի համար: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արտյոմ Գեղամյանը:
Նոտարների գույքային պատասխանատվության առավել արդյունավետ համակարգ ներդնելու համար ՀՀ կառավարության «Նոտարիատի զարգացման հայեցակարգում» փոփոխություններ կկատարվեն, որոնց նպատակը նոտարների գույքային պատասխանատվության և պատասխանատվության ռիսկի ապահովագրության, նոտարական գործողություններրի սակագներին առնչվող խնդիրների լուծումն է:
«Գործող հայեցակարգով՝ նոտարները պատասխանատվության են ենթարկվում միայն դիտավորությամբ կատարված գործողությունների արդյունքով պատճառված վնասի համար: Հիմա մենք հայեցակարգում փոփոխություններ ենք նախաձեռնել, որոնց համաձայն' նոտարները պետք է գույքային պատասխանատվություն կրեն ոչ միայն դիտավորությամբ, այլև անզգուշությամբ պատճառված վնասի համար: Սա ուղղված է նոտարական ծառայություններից օգտվող մեր քաղաքացիների շահերի պաշտպանությանը»,- «Արմենպրես» -ի փոխանցմամբ՝ նշեց Գեղամյանը:
Բացի այդ, շարունակվում են «Էլեկտրոնային նոտար» համակարգի ներդրումը և նոտարական գործողությունները «մեկ պատուհանի» սկզբունքով իրականացնելու աշխատանքները: Ներկայումս աշխատանքներ են ընթանում ՀՀ ԿԱ ոստիկանության և ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից վարվող էլեկտրոնային գրանցումների և էլեկտրոնային նոտարիատի համակարգի միջև ծրագրային համակցում ստեղծելու ուղղությամբ: