1994-1997 թվականներին Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան, ներկայում ամերիկյան Ջորջ Մեյսոն համալսարանի պրոֆեսոր Ռիչարդ Կոզլարիչի' «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում բարձրաձայնած որոշ մտքեր տագնապ են հարուցել ադրբեջանական իշխանությունների մոտ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, հարցազրույցում Կոզլարիչն անդրադարձել է հայկական եւ ադրբեջանական զորքերի շփման գծում վերջին օրերին տեղի ունեցած բախումներին եւ Ադրբեջանում ակտիվիստների, իրավապաշտպանների ու լրագրողների ձերբակալություններին:

 

Ըստ թերթի' Ադրբեջանի իշխանությանն ամենաշատն անհանգստացրել են Կոզլարիչի արտահայտած հետեւյալ մտքերը.

 

«Նման գործողություններով ադրբեջանական իշխանությունը ստվեր գցեց նաեւ Եվրատեսիլի, Առաջին եվրոպական օլիմպիական խաղերի նման հեղինակավոր նախագծերի վրա: Իսկ հիմնականը' կասկածանք եւ անվճռականություն ստեղծեց Հարավային գազային միջանցք նախագծում»:

 

Կոզլարիչը նաեւ խուրհուրդներ է տվել Ադրբեջանի իշխանությանը: «Գործերը հարթելու համար իշխանութնունը պետք է աշխատի երեք հիմնական ուղղություններով. առաջինը' շփման գծում անիմաստ եւ ողբերգական բռնությունը կանգնեցնելու համար առանց միջնորդների' ուղղակի բանակցություններ պետք է սկսի Հայաստանի նախագահի հետ:

 

Երկրորդը' պետք է ազատ արձակի բոլոր քաղաքական բանտարկյալներին:

 

Երրորդն էլ' ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար պետք է Մինսկի խմբի շրջանակում վերականգնի գործընթացը», - ընդգծել է Կոզլարիչը:

 

Թերթը հայտնում է, որ Կոզլարիչի այդ մտքերը ադրբեջանական իշխանությունը դիտում է ոչ որպես նրա սեփական համոզմունք: «Իշխանությունը դա գնահատում է որպես Արեւմուտքի կողմից արված ուղերձ: Իշխանության մեջ մտածում են, որ դրանով Արեւմուտքը տեղ է հասցնում այն միտքը, որ Ադրբեջանի հետ հարաբերություններն այլեւս փչացել են:

 

Իսկ դա կարող է իշխանության համար ծանր հետեւանքներ ունենալ: Իրավիճակից դուրս գալու համար թվարկվող պայմաններն էլ իշխանության համար անցանկալի են: Իշխանությունը հատկապես չի ցանկանում ընդունել քաղբանտարկյալների հետ կապված պայման ը: Այսպիսով' իշխանությունը ներկայում անհանգստացած եւ վախեցած է, եւ դժվարանում է որոշել, թե ինչ պետք է անի», -գրում է թերթը: