Ադրբեջանում քաղաքացիական հասարակությունը խեղդելու հետ կապված իշխանությունների արշավի առնչությամբ Վաշինգտոնը Եվրամիության հետ խորհրդակցություններ է սկսել ադրբեջանցի ակտվիստներին աջակցելու ճանապարհներ գտնելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թուրան» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են Վաշինգտոնի դիվանագիտական աղբյուրները' նշելով, որ ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետները լրջորեն հետեւում են Ադրբեջանում տեղի ունեցող իրադարձություններին: Ամերիկացի քաղաքական գործիչները եւ դիվանագետները անհանգստություն են հայտնել քաղաքացիական հասարակության վրա Իլհամ Ալիեւի իշխանության բռնաճնշումների, նրանց քննադատական ձայները կտրելու ցանկության առնչությամբ: Նրանք դա գնահատել են որպես վերջին տարիներին Ադրբեջանում մարդու իրավունքների դեմ ամենալուրջ ճնշում:

 

«Ադրբեջանի իշխանությունը «որս» է սկսել արտասահմանյան դոնորներից դրամաշնորհ ստացող յուրաքանչյուրի դեմ: Դա սկսվել է այն բանից հետո, երբ Արեւմուտքը քննադատել է Ադրբեջանում անցյալ տարի անցկացված նախագահական ընտրությունները», -ասել է անունը հրապարակել չցանկացած մի դիվանագետ: Նա նաեւ նշել է, որ Ադրբեջանի կառավարությանը լրջորեն քննադատողները ձերբակալվել են, եւ նրանց նկատմամբ կեղծ մեղադրանքներ են ներկայացվել: «Ներկայում ԱՄՆ-ը, ԵՄ-ն եւ տարածաշրջանային մյուս գործընկերները խնդիրը լուծելու, ազատ եւ արդարացի հասարակություն ստեղծելու ջանքեր ցուցադրող Ադրբեջանի քաղաքացիներին աջակցելու ճանապարհներ են որոնում», -հայտնել է դիվանագետը:

 

Ադրբեջանում գործող 12 ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպություններ' Ադրբեջանի իրավապաշտպանների ասոցիացիան, «Դեմոկրատիայի մոնիտորինգ»-ը, Դեմոկրատիայի եւ մարդու իրավունքների ռեսուրսային կենտրոնը, Հելսինկիի քաղաքացիական վեհաժողովի Ադրբեջանի ազգային կոմիտեն, «Իրավական լուսավորության հանրություն»-ը, «Իրավական պաշտպանության եւ լուսավորության հանրություն»-ը, Մամուլի իրավունքի ինստիտուտը, Լրագրողների ազատության եւ անվտանգության ինստիտուտը, Ընտրությունների մոնիտորինգի եւ դեմոկրատիայի ուսուցման կենտրոնը, Քաղաքա կան ազատությունների պաշտպանության դաշինքը, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտը համատեղ զեկույց են ներկայացրել, որում անդրադարձ է կատարվել մինչեւ 2014 թվականի օգոստոսի 3-ը Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով կեղծ մեղադրանքներով ձերբակալություններին: Զեկույցում քաղբանտարկյալների կարգավիճակը որոշվել է ԵԽ ԽՎ 2012 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 1900 բանաձեւում ներկայացված չափանիշներով: Ցուցակում նշված են 97 լրագրողների եւ բլոգերների, իրավապաշտպանների, երիտասարդ ակտիվիստների, ընդդիմադիր ակտիվիստների, հավատացյալ ակտվիստների հետ 11 փա ստաբանների անուններ, որոնք Ադրբեջանում ձերբակալվել կամ արդեն դատապարտվել են քաղաքական դրդապատճառներով: