Ադրբեջանական կողմը ձգձգում է հայ գերի Կարեն Պետրոսյանի դիակը հանձնելու գործընթացը՝ չբացահայտելու համար, որ իրականում նրան խոշտանգել և սպանել են: Այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամ Զարինե Հակոբյանը: «Կարեն Պետրոսյանն առողջական խնդիրներ չի ունեցել: Ուղղակի ադրբեջանցիները նրան խոշտանգել են, ինչի հետևանքով էլ նա կարող է մահացած լինել: Եվ ես կարծում եմ, որ նրանք այնքան կձգձգեն դիակի հանձնումը, մինչև կվերանան խոշտանգումների հետքերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հակոբյանը:

 

Նա ընդգծեց, որ Կարեն Պետրոսյանի դին Հայաստան վերադարձնելու բանակցությունները դեռևս հաջողություն չեն գրանցում, քանի որ Ադրբեջանն այս հարցում կառուցողական դիրքորոշում չի դրսևորում: «Ընդհանրապես բանակցությունները հաջողություն են ունենում, եթե երկու կողմերն էլ շահագրգռված են հարցի լուծմամբ, սակայն երբ կողմերից մեկը ոչ կառուցողական դիրքորոշում է որդեգրում, բանակցությունները կարող են ձգձգվել և երկար ժամանակ արդյունք չունենալ: Այս դեպքում Ադրբեջանը ամեն ինչ անում է գործընթացը խոչընդոտելու համար»,- նշեց նա:

 

Հակոբյանն ընդգծեց, որ ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը միշտ ավելի կառուցողական դիրքորոշում է դրսևորում, երբ Հայաստանում ադրբեջանցի գերիներ են լինում: «Հայկական կողմը միշտ էլ ժամանակին կատարում է գերիների հանձնումը կամ փոխանակումը: Իսկ ադրբեջանական կողմը միշտ ձգձգում է: Գիտեք քանի անգամ է եղել, որ պայմանավորվել ենք գերիների փոխանակման կամ հանձնման համար, մեր օպերտաիվ խումբը գնացել է սահման, սակայն ադրբեջանցիները չեն եկել: Ուղղակի խաբել և չեն եկել»,- նշեց նա:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 7-ին Թովուզի Աղբուլաղ գյուղում գերի ընկած Տավուշի շրջանի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանն օգոստոսի 8-ի առավոտյան «հանկարծակի անհայտ պատճառով մահացել է»: Ըստ հաղորդագրության' նախնական տվյալներով' Պետրոսյանի մահվան պատճառը «սիրտ-թոքային խիստ անբավարարությունն է, խիստ միոկարդիալ անբավարարությունը»: Փորձագիտական շրջանակները վկայում են, որ Կարեն Պետրոսյանին սպանել են գերության մեջ, իսկ ՀՀ ԱԳ նախարարությա մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Ար մենպրես»-ին տեղեկացրեց, ՀՀ քաղաքացու գերեվարման, նրա հրապարակային նվաստացման և սպանության մասին ապացույցները և համապատասխան գնահատականները պատշաճ կերպով ներկայացվում են միջազգային կազմակերպություններին և գործընկեր երկրներին: