Արդեն մի քանի ամիս է, ինչ հայաստանյան լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի' Հայաստան կատարելիք այցի մանրամասները: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում պետք է լիներ դեռ սեպտեմբերին' մասնակցելու ՀԱՊԿ զորավարժություններին: Սակայն զորավարժություններից հետո՝ սեպտեմբերի 27-ին, Երևանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի' Հայաստան այցը օրակարգային է մնում: Նա հստակեցրել էր, որ այցը նախատեսվում է, սակայն որևէ հստակ օր չէր նշել:

2012թ. նոյեմբերին' Հայաստան կատարած այցի ժամանակ, ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի անդամ, ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենայն հավանականությամբ Հայաստան կայցելի 2013 թվականի սկզբին: Սակայն այս մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն դեռևս չի եղել:

Տարատեսակ մեկնաբանությունների և հայտարարությունների շրջանում հստակություն մտցնելու նպատակով «Առաջին լրատվական»-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի լրատվական ծառայությունից փորձեց պարզել, թե ե՞րբ է նախատեսվում ՌԴ նախագահի այցը Հայաստան: Վլադիմիր Պուտինի լրատվական ծառայությունից մեր հարցերին պատասխանեցին՝ ասելով. «Մենք նման տեղեկատվություն չունենք, դեռևս ոչնչով օգնել չենք կարող»: Սակայն հավելեցին, որ եթե նման տեղեկություն լինի, անմիջապես կտեղադրվի ՌԴ նախագահի պաշտոնական կայքէջում: