«Համընկնում Հանուն Կյանքի» տարեկան Գալա երեկոյին Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը տոնել է իր գործունեության 15 ամյակը: Հիմնադրամի ավելի քան 400 աջակիցներ, այդ թվում' եկեղեցական եւ համայնքային առաջնորդներ, ընտրված պաշտոնյաներ և տարբեր առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ներկա են գտնվել այդ նշանակալի միջոցառմանը, որը տեղի է ունեցել օգոստոսի 10-ին, Գլենդել քաղաքի «Գլենդել Հիլթոն» հյուրանցում:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստ բարեգործական հիմնադրամից, ներկայացնելով հարգարժան մասնակիցների ցանկը, երեկոն դարձել է համահայկական միջոցառում՝ նշելու Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստրի 15 տարվա ձեռքբերումները, միևնույն ժամանակ, հարգանք մատուցելու մի շարք անձանց և կազմակերպությունների, իրենց ցուցաբերած մեծ աջակցության համար: Գալա երեկոն հնարավոր է եղել իրականացնել “Glendale Adventist” բժշկական կենտրոնի շնորհիվ:

 

Բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ տիկին Բելլա Քոչարյանը, հիմնադիր նախագահ դոկտոր Ֆրիդա Ջորդանը, գործադիր տնօրեն Սևակ Ավագյանը բացման արարողության ժամանակ ելույթ են ունեցել և շնորհակալություն հայտնել բոլոր աջակիցներին, հովանավորներին, դոնորներին և կամավորներին, որոնց շնորհիվ Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր Բարեգործական Հիմնադրամը դարձել իրականություն:

 

Միջոցառման ընթացքում գնահատանքի խոսքեր են հնչել և հատուկ պատվոգրեր շնորհվել բոլոր նրանց, ովքեր 15 տարի շարունակ իրենց գործունեությամբ նպաստել են հիմնադրամի կայացմանն ու ընդլայնմանը:

 

Ոսկրածուծի Դոնորների Հայկական Ռեեստր բարեգործական հիմնադրամը ստեղծվել է 1999 թվականին,որպես շահույթ չհետապնդող, ոչ պետական, բարեգործական հիմնադրամ: Մինչ օրս կամավորագրվել է 26.000 դոնոր, ռեեստր դիմած 2885 հիվանդի հետ նախնական համընկնող 2481 պոտենցիալ դոնոր է հայտնաբերվել, որոնցից 20-ը նվիրաբերել են իրենց արյան ցողունային բջիջները: