Գյումրեցիները միացել են հայրենքի պաշտպանության, զորացման և օրհնության համար օգոստոսի 15-ին հայտարարված ծոմապահության, աղոթքի և ապաշխարության օրվան: Գաղափարին միանալու պատրաստակամություն հայտնել է աշխարհի տարբեր վայրերում բնակվող մոտ 2 հազար հայ, սակայն այս թիվը նախաձեռնության մասնակիցների իրական պատկերը չի արտացոլում, դա միայն սոցիալական ցանցում գրանցվածների թիվն է:

 

Նախաձեռնության հեղինակ՝ ծնունդով երևանցի, ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում բնակվող Արմեն Հարեյանը, «Արմենպրես»-ին ներկայացնելով նախաձեռնության նպատակը, նշեց, որ ժամանակն է ավելի լուրջ վերաբերվել հավատքին ու նինվեացիների օրինակով գոնե մեկ օր ծոմապահությամբ աղոթելու ու զղջալու չար մտքերի ու գործերի համար:

 

«Սակայն միայն ծոմապահություն չպետք է լինի, այլապես դա «դիետայի» կնմանվի, այլ աղոթենք, Աստծուց ներողություն խնդրենք, մտածենք միայն լավ բաների մասին, մտածենք, որ սահմանին լինի խաղաղություն: Մենք պետք է նախ վերանորոգենք մեր հոգիները, տեսնենք մեր սեփական մեղքերը: Այս նախաձեռնությամբ ուզում ենք, որ ամեն հայ մարդ ողորմություն խնդրի մեր հայրենիքի համար»,-նշեց Արմեն Հարեյանը:

 

Գաղափարի վերաբերյալ սոցիալական ցանցում ստեղծված խմբում դրական արձագանքներ ստացվել են նաև որոշ հոգևորականներից: Գյումրեցի մի շարք երիտասարդներ, ովքեր միացել են նախաձեռնությանը, «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ նախաձեռնությունը համընկել է Սուրբ Աստվա ծածնի վերափոխման տոնի պահոց շրջանի հետ և, այսպես թե այնպես, իրենք ծոմ պահելու էին, բայց ուրախ են, որ այս անգամ դա զուգորդվում է նաև հայրենիքի խաղաղության, զորացման ու պաշտպանության համար հղվող համընդհանուր աղոթքին:

 

Այն, որ համազգային աղոթքի գաղափարը վաղուց կար, «Արմենպրես»-ին հայտնեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Եպիսկոպոս Աջապահյանը. «Համազգային ապաշխարության ու ծոմապահության օր նշանակելու գաղափարը վաղուց կար և դրա համար որոշակի թվականներ էլ առաջարկվել և Մայր Աթոռում էլ քննարկել է այդ հարցը, բայց այս պարագայում ցանկությունը եկավ ժողովրդից և, բնականաբար, այնքանով, որքանով ինձ հասավ, ես իմ բարյացակամությունն արտահայտեցի, և դրա համար մեր թեմից էլ բավական մեծ թվով երիտասարդներ միացել են: Սա առաջին նմանատիպ փորձն է:

 

Հուսանք, որ և՛ եկեղեցին, և՛ ժողովուրդը ավելի լուրջ կմոտենան այսպիսի օրվա գաղափարին, և տարվա մեջ կունենանք մեկ օր, որ ողջ ազգին կհրավիրենք ծոմապահության, ապաշխարության և աղոթքի: Համազգային, միասնական աղոթք թող լինի՝ մեկ հոգու աղոթքը լավ է, հազարինն' ավելի լավ, մեկ միլիոնինը՝ շատ ավելի լավ»,-ավելացրեց Միքայել սրբազանը:

 

Արմենուհի Մխոյան