Իտալիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հարցի առնչությամբ:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Իտալիայի ԱԳՆ հայտարարության մեջ, մասնավորապես նշվում է. «Հուլիսի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Հռոմ կատարած այցի առիթով Իտալիան և Ադրբեջանը համաձայնել են ընդունել համատեղ հռչակագիր' մտադրություն հայտնելով առավել խորացնել իրենց երկկողմ հարաբերությունները քաղաքական տնտեսական և մշակութային ոլորտներում և ուսումնասիրել համագործակցության նոր հորիզոնների, այդ թվում' քաղաքացիական հասարակության ներգրավմամբ»:

 

Այցի ընթացքում անդրադարձ է կատարվել ոչ միայն համագործակցության դիվերսիֆիկացման խնդիրներին, այլև վերահաստատվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը բանակցային միջոցներով կարգավորելու հանձնառութունը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո, որին մասն է կազմում նաև Իտալիան, և որին անվերապահորեն աջակցում է:

 

Այնուամենայնիվ, իտալական կողմն անհրաժեշտ է համարել վերահաստատել այս հարցում իր դիրքորոշումը, որն ամբողջությամբ համահունչ է Եվրոպական Միության դիրքորոշմանը, և որը ևս մեկ անգամ արտահայտվել է նշված համատեղ հռչակագրում, որում և' Հռոմը, և' Բաքուն համաձայնել են, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ միջոցներով' հիմնվելով ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների' Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների համատեղ հայտարարություններում նշված սկզբունքների վրա:

 

Անդրադառնալով հակամարտության գոտում վերջին լարվածության աճին' Իտալիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտում է, որ, ամբողջովին համաջայն լինելով իր ԵՄ գործընկերների դիրքորոշումների հետ, իր խոր մտահոգությունն է հայտնում այդ առիթով: Իտալիան կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին զերծ մնալ ուժի կիրառումից և օգտվել հակամարտության լուծման քաղաքական հնարավորություններից, որոնցից մեկն էլ նախագահներ Ալիևի և Սարգսյանի հանդիպումն էր Սոչիում օգոստոսի 10-ին:

 

Ադրբեջանի նախագահի Իտալիա կատարած այցից հետո ադրբեջանական կողմն այցի պաշտոնական մեկնաբանություններում նշել է, թե, իբր, Իտալիան արցախյան հարցում Ադրբեջանին լիակատար աջակցություն է ցուցաբերում։

 

Փաստացի այս հայտարարությամբ Իտալիա արտաքին գործերի նախարարությւոնը հերքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հերթական ապատեղեկատվությունը: