Մերձմոսկովյան Ալաբինոյում անցկացված տանկային բիաթլոնի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի արդյունքում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է երկրորդ տեղը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Վերջնական երկրորդ տեղը հաստատվեց, փայլուն է։ Աշխարհի հզորագույն երկրների հետ մրցապայքարում սա փայլուն արդյունք է»,- նշել է Հովհաննիսյանը։
Ավելի վաղ «Ռիա-Նովոստի»-ն տեղեկացրել էր, որ եզրափակիչ էստաֆետային քառյակում են հայտնվել Ռուսաստանը (294 միավոր), Ղազախստանը (226 միավոր), Չինաստանը (220 միավոր) եւ Հայաստանը (213 միավոր): ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել էին, որ այսօր յուրաքանչյուր հավաքականից երեք անձնակազմ մեկ տանկով (անձնակազմերի փոփոխությամբ) կանցնի 3 շրջան:
Այս տարի տանկային մարտերի պատմության մեջ առաջին անգամ հանդիպել են աշխարհի 12 երկրների անձնակազմեր՝ Անգոլայի, Հայաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Չինաստանի, Քուվեյթի, Մոնղոլիայի, Ռուսաստանի, Սերբիայի, իսկ ավելի քան 20 պետությունների պատվիրակություններ մրցումներին մասնակցում են դիտորդի կարգավիճակում: