ՀՀ սփյուռքի նախարարության' Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2014թ. ծրագրի վերջին՝ 8-րդ փուլը, մեկնարկել է օգոստոսի 19-ին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագրի մասնակիցներին ՀՀ սփյուռքի նախարարի անունից ողջունել է նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ ձեզ փոխանցել նախարարի ողջույնը: Ձեր երազանքը իրականություն է դարձել, և դուք արդեն հայրենիքում եք: Այն օրերը, որ անցկացնելու եք Հայաստանում, անմոռաց են լինելու, շարունակվելու է կապը նոր ընկերների հետ, իսկ ընկերների շրջանակը թե՛ տարածքային, թե՛ քանակային առումով մեծանալու է: Նաև հայերեն եք սովորելու, ինչը շատ կարևոր է: Հայերենը մեր ինքնության խորհրդանիշն է: Հայրենիքում գտնվելու այս օրերին շփվեք միայն հայերենով»:
Նախարարի տեղակալը շնորհակալություն է հայտնել մասնակիցների ծնողներին և հյուրընկալ ընտանիքներին վստահության, համագործակցության համար: Ավանդույթի համաձայն, նախարարի տեղակալը «Արի տան» շապիկ է հագցրել ծրագրի ամենակրտսեր մասնակցին՝ 13 ամյա Սերբան Ջորջ Լազարովիան Ռումինիայից:
Ծրագրի մասնակիցները դիտել են նաև «Արի տուն» ֆիլմը:
Ծրագրի վերջին՝ 8-րդ փուլին մասնակցելու համար, Հայաստան է ժամանել 13-18 տարեկան սփյուռքահայ 45 պատանի ու աղջիկ՝ ՌԴ-ից, Վրաստանից, Իսպանիայից, Գերմանիայից, Բելգիայից, Լեհաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լիբանանից, Սիրիայից:
Ծրագրի մասնակիցները 9 օրվա ընթացքում կծանոթանան Հայաստանի պատմական և տեսարժան վայրերին, կունենան բազմաբնույթ հանդիպումներ պետական, հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր կառնեն Հայրենիքում, կսովորեն ազգային պարեր և երգեր: Նախորդ փուլերի նման այս փուլում ևս նախատեսվում է 4-օրյա ճամբարային ծրագիր Ծաղկաձորում: